2004 թվականից Հայաստանի Հանրապետությունում հոկտեմբերի 7-ը նշվում է որպես Գրադարանավարի օր:

Օրվա առթիվ այս տարի ևս ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ենթակայության գրադարաններում կազմակերպվելու են տարբեր միջոցառումներ: Օրվա խորհրդին համահունչ նախատեսվում է նաև գրադարանավարների պարգևատրման արարողություն. գրադարանային գործում ունեցած նշանակալի ավանդի և երկարամյա աշխատանքային գործունեության համար ոլորտի մի շարք աշխատակիցներ կպարգևատրվեն ԿԳՄՍ նախարարության պարգևներով:

Նշենք, որ տոնի նպատակն է արժևորել գրադարանավարի մասնագիտությունը և դերը կրթական միջավայրի ձևավորման և գիտելիքի տարածման գործում: Գրադարանը համարվում է հասարակության հոգևոր և կրթական կյանքի հիմնարար ինստիտուտներից մեկը։ Այն վաղուց դադարել է լինել բացառապես գրքերի պահոց: Ժամանակակից հասարակության մեջ գրադարանը ներկայանում է որպես բազմաֆունկցիոնալ կրթական միջավայր, հանրային հաղորդակցության և գիտելիքի շրջանառության հարթակ, ինչպես նաև համայնքային մշակութային կյանքի կազմակերպման և ժամանցի կենտրոն։

Գրադարանը մի տարածք է, որտեղ համադրվում են դասական արժեքներն ու դրանց պահպանման նորարարական լուծումները։ Գրադարանը ձևավորվում է գիտելիքի ստեղծման, տարածման և փոխանակման հնարավորություններ, ինչպես նաև ապահովվում է հանրային հաղորդակցության և սոցիալ-մշակութային կապերի ամրապնդման բազմաշերտ միջավայր։ Գրադարանների զարգացման և արդիականացման գործընթացը պետական մշակութային քաղաքականության առանցքային ուղղություններից մեկն է:

Գրադարանի այդ կարևոր առաքելության իրականացման գործում անուրանալի և նշանակալի դեր ունի գրադարանավարը: Այս համատեքստում նախարարությունը մեծապես կարևորում է գրադարանավարների շարունակական վերապատրաստման կազմակերպումը, մասնագիտական հմտությունների կատարելագործումը և միջազգային փորձի փոխանակումը։

ՀՀ-ում առկա 641 գրադարանից 12-ը գործում է ԿԳՄՍ նախարարության ենթակայությամբ: Հաշվի առնելով ընթերցողների պահանջները, ինչպես նաև գրական և գիտական դաշտում թարմացվող հրատարակությունները՝ նախարարության աջակցությամբ գրադարանների գրքային ֆոնդը մշտապես համալրվում է: Գրադարանները տարեկան սպասարկում են ավելի քան 110 հազար ընթերցողի, իսկ հաճախումների թիվը գերազանցում է 1 միլիոնը: Գրադարանների հասանելիության, ազդեցության ընդլայնման և զարգացման գործընթացում առանցքային նշանակություն ունի հավաքածուների թվայնացման և էլեկտրոնային սպասարկման աշխատանքների կազմակերպումը: Հայաստանի ազգային գրադարանի «Հայ գիրք» և «Հայ պարբերական մամուլ» շտեմարաններում արդեն հասանելի է շուրջ 14 միլիոն 900 հազար թվայնացված էջ: Այս գործընթացը կրում է շարունակական բնույթ:

Նախարարության ենթակայության գրադարաններում ներդրվել է նաև էլեկտրոնային սպասարկման ծառայություն, որն այս պահին հասանելի է Հայաստանի ազգային, Խնկո Ապոր անվան ազգային մանկական և Շիրակի մարզային գրադարաններում: Էլեկտրոնային ծառայությունները հնարավորություն են տալիս ներգրավելու ավելի լայն լսարան՝ ներառյալ հեռավոր համայնքների բնակիչներին։ Ծրագիրը ներդրվելու է նաև մարզային բոլոր գրադարաններում:

2023 թվականից Խնկո Ապոր անվան ազգային մանկական և 10-ը մարզային գրադարանները «Ընտանեկան գրադարանավար» ծրագրի շրջանակում ծառայություններ են մատուցում տեղաշարժման սահմանափակ կարողություններ ունեցողներին՝ այդպիսով դառնալով նաև ներառական հարթակներ: