Գործադիրի նիստում այսօր ընդունված որոշմամբ ՀՀ վարչապետի հովանու ներքո նախատեսվող «Դպրոցականների վոլեյբոլի լիգա» մարզական խաղերի և «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների լողի մրցաշարի անցկացման նպատակով պետական բյուջեից հավելյալ գումար կհատկացվի՝ 146 մլն 924 հազար դրամի չափով:

Այս մրցաշարերն անցկացվում են նախորդ տարիներին ԿԳՄՍՆ կողմից իրականացված «ՀՀ վարչապետի գավաթ» խճուղավազքի և «ՀՀ վարչապետի գավաթ» լողի սիրողական մրցաշարերի փոխարեն, որոնք նախատեսված էին 18 տարեկանից բարձր տարիք ունեցող անձանց համար: Մրցաշարերի անցկացման փոփոխությունները կխթանեն դպրոցականների շրջանում վոլեյբոլ և լող մարզաձևերի մասսայականացումը, տաղանդավոր, հեռանկար ունեցող մարզիկների հայտնաբերումը՝ հետագայում ՀՀ առաջնություններին մասնակցող թիմերում ընդգրկելու նպատակով, ինչպես նաև լողի կանոնավոր պարապմունքներին դպրոցահասակ տարիքի երեխաների ներգրավվածության ապահովումը:

Ֆինանսական միջոցները կտրամադրվեն հատկացումների վերաբաշխման միջոցով:

Յուրաքանչյուր մրցաշարի 2 տարիքային խմբերում 1-ին, 2-րդ և 3-րդ տեղեր գրաված դպրոցների թիմերը, մասնակից աշակերտները, ֆիզիկական կուլտուրայի ուսուցիչները և ուսումնական հաստատությունները կպարգևատրվեն ԿԳՄՍ նախարարության համապատասխան կարգի հավաստագրերով, գավաթներով, մեդալներով և դրամական խոշոր պարգևներով՝ դպրոցի մարզական ենթակառուցվածքների բարելավման կամ մարզական գույք ձեռք բերելու նպատակով:

Մրցաշարերի անցկացման արդյունքում ակնկալվում է ֆիզիկապես ամուր և առողջ սերնդի դաստիարակություն, ֆիզիկական կուլտուրայով և սպորտով զբաղվողների քանակի էական աճ, բնակչության կենցաղում ակտիվ հանգիստ և առողջ ապրելակերպ վարող անձանց թվաքանակի աճ ֆիզկուլտուրային-առողջարարական և զանգվածային մարզական ծրագրերի անցկացման խթանում և բարելավում:

ՀՀ կառավարության մեկ այլ որոշմամբ Հայաստանի մարմնամարզության և Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիաներին կհատկացվի շուրջ 30 մլն դրամ՝ ապահովելով մարզական ֆեդերացիների լրացուցիչ ֆինանսավորումը 2025 և 2027 թվականների աշխարհի առաջնությունների պատշաճ մասնակցության և մարզիկների՝ լավագույն մարզավիճակում ներկայանալու նպատակով:

ՀՀ մարմնամարզության ֆեդերացիային կհատկացվի շուրջ 23 մլն դրամ, ինչը հնարավորություն կտա հավուր պատշաճի հանդես գալ Ինդոնեզիայում կայանալիք մեծահասակների աշխարհի առաջնությանը՝ ուսումնամարզական հավաք իրականացնելով Կատարի մայրաքաղաք Դոհայում: Սպորտային մարմնամարզության աշխարհի առաջնությունը կանցկացվի հոկտեմբերի 14-26-ը: Հատկացված գումարով Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիան նաև կանցկացնի ՀՀ երիտասարդների առաջնությունը:

Միաժամանակ, նախատեսվում է հատուցել 2025 թ. փետրվարի 17-21-ն Ալբանիայի Դյուրեսում քաղաքում կայացած 2027 թ. բասկետբոլի աշխարհի առաջնության նախապատրաստական փուլի ծախսերը, քանի որ միջոցառումը նախատեսված չէր ֆեդերացիայի օրացուցային պլանում: Այս նպատակով հատկացվող գումարը կկազմի 6,7 մլն դրամ:

Հայաստանի մարմնամարզության և Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիաներին անհրաժեշտ գումարների տրամադրումը կիրականացվի վերաբաշխման միջոցով: