Գեղարքունիքի մարզկենտրոն Գավառ կատարած այցի շրջանակում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հետևել է ակադեմիկոս Ա․ Թամամշևի անվան պետական գյուղատնտեսական քոլեջի նոր մասնաշենքի, այլ ենթակառուցվածքների կառուցման և մարզադահլիճի վերակառուցման աշխատանքներին: Նախարարին ուղեկցել են Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը և Գավառ համայնքի ղեկավար Գուրգեն Մարտիրոսյանը:

Գավառի Ա․ Թամամշևի անվան պետական գյուղատնտեսական քոլեջի նոր շենքի կառուցումն իրականացվում է պետբյուջեի միջոցներով։ Շինաշխատանքները մեկնարկել են 2024 թվականից։ Ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 1 միլիարդ 320 միլիոն 448 հազար դրամ։ Ծրագրով նախատեսվում է կառուցել 1132 քառակուսի մետր մակերես ունեցող ուսանողական 1 մասնաշենք, կաթսայատուն, անասնակերի և գյուղտեխնիկայի համար շվաքարաններ, «Խելացի» անասնագոմ, մարզական խաղահրապարակ, վերակառուցել առկա մարզադահլիճը և միջանցքը։