ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ հոկտեմբերի 1-8-ը Երևանում կանցկացվի «ՀԱՅ ՖԵՍՏ» 23-րդ կատարողական արվեստների միջազգային փառատոնը, որն այս տարի անցկացվում է «Փառատոնային ձերը» («Festivally Yours!») խորագրով։
Այն փառատոնի համար հատուկ հեղինակած կարգախոս է, որը շեշտում է փառատոնի՝ որպես համատեղ և միաժամանակ յուրաքանչյուրի անձնական տոն։ «ՀԱՅ ՖԵՍՏ»-ն այս տարի համագործակցում է «Ավինյոն ՕՖՖ» փառատոնի հետ:
Արտերկրից այս տարի փառատոնին մասնակցում է 11 երկիր: Ծրագրում ընդգրկված են Բենչա թատրոնի «Խորքային տարածություն» (Նիդերլանդներ), ՖՈՐՍ-ի «Չաջեոն (Պտույտ)» (Հարավային Կորեա), Սեյքրըդ Փլեյսիսի «Ստվերների պարը» (Բելգիա), PR-Էվոլուշն պարային ընկերության «Կյանքի գույներ» (Հունգարիա) և մի շարք այլ ներկայացումներ: Փառատոնի ծրագրում ներառված են վարպետության դասեր՝ արտասահմանյան մասնագետների կողմից։ Հայկական թատրոնների և միջազգային փառատոների միջև կապերի ստեղծման նպատակով կանցկացվի կլոր սեղան:
Փառատոնի մեկնարկը կտրվի հոկտեմբերի 1-ին Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի բեմում՝ ՊեկինԴենս/LDTX-ի (Չինաստան) «Լույսեր որոնողը» ժամանակակից պարային ներկայացմամբ. բեմադրիչ՝ Վիլլի Ցաօ:
Փառատոնի գլխավոր հովանավորներն են Երևանի քաղաքապետարանը և «Հոսք» հիմնադրամը:
«ՀԱՅ ՖԵՍՏ» կատարողական արվեստների միջազգային փառատոնն ընդգրկված է «EFFA» եվրոպական փառատոների ասոցիացիայի 24 լավագույնների ցանկում։