Հանրության շրջանում առողջ ապրելակերպի խրախուսման և երթևեկության այլընտրանքային ձևերի խթանման միջոցառման իրականացման շրջանակում ԿԳՄՍ նախարարությունը, հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2025 թվականի մարտի 27-ի N 341-Ն և 2025 թվականի օգոստոսի 14-ի N 1115-Լ որոշումները, հրավիրում է ֆինանսական կառույցների՝ բանկերի և վարկային կազմակերպությունների ուշադրությունը։

Նախատեսվող համագործակցության շրջանակում ֆինանսական կառույցների հետ կկնքվի պայմանագիր, որի շրջանակում կսուբսիդավորվեն բարձրագույն, արհեստագործական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների սովորողների և աշխատակիցների հեծանիվների ձեռքբերման համար տրամադրվող վարկերի տոկոսադրույքները:

Պայմանագրի նախագիծը՝ կից:

Միջոցառման շահառու են հանդիսանում ՀՀ տարածքում գործող բարձրագույն, արհեստագործական, միջին մասնագիտական կրթական ծրագիր իրականացնող պետական և հավատարմագրված ոչ պետական ուսումնական հաստատությունների սովորողները և աշխատողները: Օժանդակությունը շահառուներին կտրամադրվի ՀՀ տարածքում գործող լիցենզավորված բանկերից կամ վարկային կազմակերպություններից տրվող նպատակային վարկերի համար՝ տոկոսադրույքի սուբսիդավորման ձևով: Որպես վարկառու կարող է հանդիսանալ կա՛մ շահառուն (եթե աշխատող է), կա՛մ վերջինիս ընտանիքի աշխատող անդամը: Վարկի առավելագույն չափը սահմանված է 300 հազար դրամ՝ մինչև 36 ամիս մարման ժամկետով: Տարեկան տոկոսադրույքը կազմում է 16%, որն ամբողջությամբ կսուբսիդավորվի պետության կողմից:

Ֆինանսական կառույցների ներկայացուցիչներին խնդրում ենք լրացուցիչ հարցերի դեպքում դիմել ԿԳՄՍՆ ֆինանսաբյուջետային վարչություն. կոնտակտային անձ՝ Մարինե Ավագյան, հեռ.՝ 010-599-689 (ներքին 343), էլ. փոստ՝ marine.avagyan@escs.am: