ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ֆինանսական աջակցությամբ, «Ճախրուկ» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ Խարբերդի մասնագիտացված մանկատան այգու տարածքում տեղի է ունեցել հատուկ կարիքներ ունեցող անձանց ազգային երաժշտության «Ճախրուկ» ամենամյա միջազգային 5-րդ ներառական փառատոնը։
Փառատոնի գաղափարախոսությունն է՝ «Ֆիզիկական հնարավորությունները ոչինչ են, եթե չունես հոգու թռիչք»։
Փառատոնին հանդես են եկել ՀՀ մարզերի, խնամքի շուրջօրյա հաստատությունների, մանկատների, հանրակրթական և մշակույթի դպրոցների, ՏՄԱԿ-ների, հասարակական կազմակերպությունների, աջակցության կենտրոնների, ինչպես նաև Ղազախստանի Հանրապետության և Սիրիայի Արաբական Հանրապետության շուրջ 370 մասնակիցներ՝ ներկայացնելով ազգային մշակույթը:
Փառատոնը մեկնարկել է «Ճախրուկ» էթնո երաժշտախմբի երաժշտական կատարումներով։ Համերգի ընթացքում բոլոր մասնակիցների և հյուրերի կողմից նկարվել է ավանդույթ դարձած «Հոգու թռիչք» կտավը։ Երաժշտական ելույթներից բացի՝ մասնակիցները տաղավարներում ներկայացրել են նաև իրենց ձեռագործ աշխատանքները։
Փառատոնին ներկա էին ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը, ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, ԱՍՀՆ նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը, ՀՀ-ում Սիրիայի Արաբական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Նորա Արիսյանը, ՀՀ-ում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի խորհրդական Ախմետով Ալիխանը, բարձրաստիճան հյուրեր, մանկավարժներ, հոգեբաններ: Փառատոնի հատուկ հյուրն էր Վանաձորի «Հորովել» երգի-պարի անսամբլը։
Փառատոնի հիմնադիրներն են Աննա և Անահիտ Մխիթարյանները, կազմակերպիչը՝ «Ճախրուկ» ՀԿ նախագահ Անուշ Մխիթարյանը։