ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ, «Հայաստանի կոմպոզիտորների միության աջակցության» հիմնադրամի և Հայաստանի կոմպոզիտորների միության նախաձեռնությամբ՝ Դիլիջանի Էդվարդ Միրզոյանի անվան կոմպոզիտորների ստեղծագործական տան Լյուդվիգ վան Բեթհովենի անվան համերգասրահում կայացել է Հայ ժամանակակից երաժշտության 9-րդ փառատոնը՝ «Դիլիջանյան օրեր» խորագրով:

Առաջին անգամ ժամանակակից երաժշտության փառատոնն անցկացվել է մարզում. այն միավորել է Հայաստանի երեք մարզերի երաժշտական կոլեկտիվներին՝ մեկ ընդհանուր հարկի ներքո:

Փառատոնային առաջին օրը՝ սեպտեմբերի 26-ին, Վանաձորի կամերային նվագախումբը կատարել է ժամանակակից կոմպոզիտորներ Արմենուհի Կարապետյանի «Ծաղկած նշենի», Հայկուհի Հակոբյանի «Լեռան կանչը», Ժիրայր Շահրիմանյանի «Նվիրում հրեշտակիս», Էդմոնդ Մակարյանի «Անքնություն երազում», Նարինե Զարիֆյանի «Ճանապարհ», «Տերևաթափ», Դավիթ Հալաջյանի «…Ներբող…» ստեղծագործությունները: Առաջին չորս հեղինակի ստեղծագործությունները կատարվում էին առաջին անգամ: Երեկոյի ընթացքում մաեստրո Ռուբեն Ասատրյանի ղեկավարած նվագախումբը հնչեցրել է նաև տարվա հոբելյարներ Ղազարոս Սարյանի «Գառնի» և Ալեքսանդր Հարությունյանի «Էքսպրոմնտ» ստեղծագործությունները:

«Երաժշտությունը պրոցեսուալ արվեստ է. եթե գրված ստեղծագործությունը չի հնչում, ապա կարող ենք ասել, որ չի գրվել այդ ստեղծագործությունը: Դրա համար էլ չափազանց կարևոր են Հայաստանի կոմպոզիտորների միության այս նախաձեռնությունները»,- նշել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, դիրիժոր Ռուբեն Ասատրյանը:

Փառատոնային երկրորդ օրը՝ սեպտեմբերի 27-ին, «Հայ ժամանակակից երաժշտությունը» թեմայով վարպետության դաս-դասախոսություն է անցկացվել Դիլիջանի արվեստի և երաժշտական դպրոցների՝ նախապես գրանցված աշակերտների համար:

Նախագծի եզրափակիչ օրը հանդես է եկել Գյումրու պետական սիմֆոնիկ նվագախումբը: Փառատոնի դիրիժոր Ռուբեն Ասատրյանի ղեկավարությամբ առաջին անգամ հնչել են Կարեն Անանյանի «Դլե յաման», «Երազ», Արամ Սաթյանի «Հայի երկիր» ստեղծագործությունները: Ի դեպ, վերջին ստեղծագործության ժամանակ դաշնամուրի մոտ էր հեղինակը: Երեկոյի ընթացքում հնչել են նաև Վարդ Մանուկյանի ռապսոդիա «Սասունցիներ», Խաչատուր Մարտիրոսյանի «Պոեմ», ինչպես նաև տարվա հոբելյարներ Գևորգ Արմենյանի Կոնցերտը՝ ֆլեյտայի և սիմֆոնիկ նվագախմբի համար և Ալեքսանդր Աճեմյանի «Տոնական նախերգանք» ստեղծագործությունները

Փառատոնը եզրափակվել է տարվա մեկ այլ հոբելյարի՝ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Էդգար Հովհաննիսյանի հանրահայտ «Սարդարապատ» ստեղծագործության հնչյունների ներքո՝ Դիլիջանի արվեստի պետական քոլեջի երգչախմբի մասնակցությամբ:

Արամ Սաթյանի խոսքով՝ 2014 թվականին հիմնադրված այս փառատոնը տարիների ընթացքում դարձել է հենասյուն հայկական նոր երաժշտական մտքի համար: «Կարևորելով մեր մեծերի թողած երաժշտական ժառանգությունը՝ մենք նորի կողքին մշտապես արժևորում և ներկայացնում ենք ժամանակի բովով անցած հրաշալի ստեղծագործությունները»:

Նշենք, որ փառատոնի ընթացքում, որպես մենակատար, հանդես են եկել Վաչե Հովեյանը (ալտ), Ազատ Հարությունյանը (թավջութակ), Անահիտ Դիլբարյանը (դաշնամուր), Անի Ռուբենյանը (շվի), Նունե Դանիելյանը (քանոն), Լիդա Բաղրամյանը (ֆլեյտա), Մարիա Խանդանյանը (սոպրանո), Էդուարդ Մակարյանը (սաքսոֆոն):

Հավելենք, որ փառատոնի աջակից գործընկերն է «Green Rock» հիմնադրամը։