Կինոռեժիսոր, թատերական ռեժիսոր և սցենարիստ Հենրիկ Մալյանի ծննդյան 100-ամյակի շրջանակում սեպտեմբերի 29-ին տեղի է ունեցել «Մեծանուն հայեր. Հենրիկ Մալյանի ծննդյան 100-ամյակ» թեմային նվիրված մեկ նամականիշով նոր գեղաթերթիկի մարման արարողությունը:
Գեղաթերթիկի մարումն իրականացրել են Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Գևորգ Մելիքսեթյանը, «ՀայՓոստ» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Շուշան Ալեքսանյանը, Հայաստանի կինոյի հիմնադրամի տնօրեն Դավիթ Բանուչյանը, Հենրիկ Մալյանի անվան կինոդերասանի թատրոնի գեղարվեստական ղեկավար Նարինե Մալյանը, Ֆիլատելիստների հայկական ասոցիացիայի նախագահ Հովիկ Մուսայելյանը:
800 ՀՀ դրամ անվանական արժեքով գեղաթերթիկի նամականիշի վրա պատկերված է մեծանուն հայ կինոռեժիսոր, թատերական ռեժիսոր, սցենարիստ, ՀԽՍՀ և ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Հենրիկ Մալյանը: Գեղաթերթիկի աջ հատվածում պատկերված է լուսանկար նկարահանման հրապարակից: Գեղաթերթիկի վրա առկա է նաև «Հայ կինոռեժիսոր» գրառումը՝ հայերեն և անգլերեն լեզուներով, ինչպես նաև ոճավորված «100» գրվածքը, որը խորհրդանշում է Հենրիկ Մալյանի ծննդյան 100-ամյա հոբելյանը: Դիզայնի հեղինակը Դավիթ Դովլաթյանն է: