2025 թվականին լրանում է հայ կինոյի վարպետներից մեկի՝ Հենրիկ Մալյանի ծննդյան 100-ամյակը։ Որպես կինոռեժիսոր, թատերական ռեժիսոր և սցենարիստ՝ Մալյանը բացառիկ դերակատարություն է ունեցել ազգային կինեմատոգրաֆիայի ձևավորման, ժամանակակից կինոլեզվի և արժեքային համակարգի զարգացման գործում։
Օրվա շրջանակում ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, Հայաստանի կինոյի հիմնադրամի տնօրեն Դավիթ Բանուչյանը, Հենրիկ Մալյանի անվան կինոդերասանի թատրոնի գեղարվեստական ղեկավար, Հենրիկ Մալյանի դուստր Նարինե Մալյանն այսօր Երևանի կենտրոնական գերեզմանատանը ծաղիկներ են խոնարհել Հենրիկ Մալյանի շիրիմին։
Հիշատակի միջոցառմանը ներկա էին Հենրիկ Մալյանի անվան կինոդերասանի թատրոնի դերասանները, կինոոլորտի ու թատերական աշխարհի ներկայացուցիչներ, ուսանողներ:
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանն ընդգծել է Հենրիկ Մալյանի թողած բացառիկ ժառանգությունը՝ նշելով, որ այն ոչ միայն հայկական կինոյի և թատրոնի պատմության անբաժանելի մասն է, այլև մեր մշակութային ինքնության կարևորագույն հենասյուներից մեկը։ Նրա խոսքով՝ Մալյանի ստեղծագործական ժառանգությունը, որն ընդգրկում է անզուգական կինոնկարներ ու բեմադրություններ, այսօր էլ շարունակում է ոգեշնչել նոր սերունդներին: Դանիել Դանիելյանը կարևորել է այդ ժառանգությունը հավուր պատշաճի սերունդներին փոխանցելու անհրաժեշտությունը՝ շեշտելով, որ այն չի կարելի դիտարկել միայն որպես անցյալի ձեռքբերում. այն նաև կենդանի մշակութային ժառանգություն է։ Այս համատեքստում նա առանձնահատուկ կարևորել է Մալյանի անվան թատրոնի դերակատարությունը՝ որպես հարթակի, որը ոչ միայն պահպանում է մեծ վարպետի արվեստը, այլև իր ստեղծագործական գործունեությամբ նոր շունչ ու արդիական շեշտադրում է հաղորդում այդ արժեքներին։
Հայաստանի կինոյի հիմնադրամի տնօրեն Դավիթ Բանուչյանն ընդգծել է Հենրիկ Մալյանի ստեղծագործական բացառիկ ներդրումը հայկական կինոարվեստի զարգացման գործում։ Նա նշել է, որ Մալյանի արվեստը ձևավորել է ազգային կինեմատոգրաֆիայի ինքնության առանցքային շերտերը, իսկ նրա թողած ժառանգությունն այսօր էլ հանդիսանում է կարևոր արժեք ինչպես մասնագիտական հանրության, այնպես էլ նոր սերնդի համար։ Դավիթ Բանուչյանը նշել է, որ հենց այդ համոզմամբ՝ Հայաստանի կինոյի հիմնադրամը նախաձեռնել է Մալյանի 100-ամյակին նվիրված մի շարք հոբելյանական ծրագրեր և միջոցառումներ, որոնք միտված են վարպետի արվեստը բազմաբովանդակ ձևաչափերով ներկայացնելու ժամանակակից հանդիսատեսին՝ ապահովելով մշակութային շարունակականություն։
Հենրիկ Մալյանի շիրիմի մոտ հնչել են հարգանքի և գնահատանքի խոսքեր՝ նվիրված նրա բացառիկ անձնային և ստեղծագործական ավանդին։ Ներկաներն առանձնակի շեշտադրել են վարպետի դերն ազգային մշակութային միջավայրի ձևավորման գործընթացում՝ ընդգծելով նրա թողած կինեմատոգրաֆիական ժառանգության պահպանման և արժևորման անհրաժեշտությունը։
100-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում այսօր նաև տեղի է ունեցել դպրոցականների այց Հենրիկ Մալյանի անվան կինոդերասանի թատրոն: Դպրոցականները շրջայց են կատարել ետնաբեմում, զրուցել դերասանների հետ: