ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Հայաստանի պետական կամերային նվագախումբը Փարիզի Մադլեն եկեղեցում հանդես է եկել «Երաժշտական հրավառություն» համերգային ծրագրով, որի շրջանակում ներկայացվել են բացառապես հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ։ Հայաստանի պետական կամերային նվագախումբն առաջին հայաստանյան երաժշտախումբն է, որը ելույթ է ունեցել Մադլեն եկեղեցում։
Համերգին ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, Ֆրանսիայում ՀՀ դեսպան Արման Խաչատրյանը, Ֆրանսիայում հավատարմագրված օտարերկրյա դեսպաններ և դիվանագիտական ներկայացուցչությունների անդամներ, մշակույթի և հասարակական գործիչներ, ֆրանսահայ համայնքի ներկայացուցիչներ:
Մադլեն եկեղեցու լեփ-լեցուն սրահում հնչել են Կոմիտասի, Արամ Խաչատրյանի, Տիգրան Մանսուրյանի, Ռոբերտ Ամիրխանյանի, Շառլ Ազնավուրի ստեղծագործությունները։ Համերգը ղեկավարել է դիրիժոր Սիփան Օլահը: Մենակատարներն էին Հայարփի Եղիկյանը (սոպրանո), Հակոբ Մուրադյանը (հոբոյ), Սոնա Բարսեղյանը (դաշնամուր)։
Հայկական մշակույթին նվիրված այս հիշարժան երեկոն կայացել է Ֆրանսիայում ՀՀ դեսպանության բարձր հովանու ներքո, ինչպես նաև ՀԲԸՄ-Ֆրանսիայի և «Հայաստանի դեսպանության բարեկամներ» միության աջակցությամբ։