ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն այսօր ընդունել է Արգենտինայի Հանրապետության Ռոսարիոյի պետական համալսարանի ռեկտոր Ֆրանկո Բարտոլաչիի գլխավորած պատվիրակությանը։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հայագիտական և կրթագիտական ոլորտներում համագործակցության խորացման հնարավորությունները։

Հանդիպմանը մասնակցել են նաև Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահի տեղակալ Մկրտիչ Այվազյանը, Արգենտինայում ՀՀ դեսպան Հովհաննես Վիրաբյանը, Արգենտինայում ՀՀ պատվավոր հյուպատոս Էկտոր Մուրադ Յուսուֆյանը:

Ողջունելով հյուրերին՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալը կարևորել է Արգենտինայի հետ պատմականորեն ձևավորված բարեկամական հարաբերություններն ու կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և երիտասարդության ոլորտներում համագործակցության խորացման մեծ ներուժը:

Նախարարի տեղակալը ներկայացրել է հանրակրթության և բարձրագույն կրթության ոլորտներում ՀՀ-ում ընթացող լայնածավալ բարեփոխումները՝ ընդգծելով, որ Հայաստանը կարևորում է լավագույն փորձի փոխանակումը: Անդրադառնալով բարձրագույն կրթության և գիտության ոլորտում համագործակցության ընդլայնմանը՝ Արթուր Մարտիրոսյանը ներկայացրել է «Ակադեմիական քաղաք» ռազմավարական ծրագիրը՝ որպես ժամանակակից հետազոտական ու նորարարական գործունեությունը երաշխավորող միջավայրի ստեղծում: Արթուր Մարտիրոսյանը տեղեկացրել է՝ Կրթության՝ մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագրով բարձրագույն կրթության և գիտության ոլորտում սահմանված են մի շարք թիրախներ, այդ թվում՝ օտարերկրյա ուսանողների թվի շեշտակի աճ:

Քննարկման հիմնական առանցքում էին նաև «Օտարերկրյա պետություններում հայերենի և հայագիտական առարկաների դասավանդում» ծրագրի շրջանակում իրականացվող նախաձեռնությունները։ Այս համատեքստում ԿԳՄՍ նախարարի տեղակալը կարևորել է Ռոսարիոյի պետական համալսարանում գործող հայագիտական ամբիոնի գործունեությունը։ Նշվել է՝ ծրագրի շնորհիվ կազմակերպվում են հայոց լեզվի դասընթացներ, սեմինարներ և բաց դասեր, որոնցում ներգրավված են ինչպես տեղացի մասնագետներ, այնպես էլ սփյուռքահայ գիտնականներ։

Հանդիպման ընթացքում կարևորվել է նաև միջբուհական համագործակցությունը, մասնավորապես՝ Երևանի պետական և Բրյուսովի պետական համալսարանների սերտ կապերը Ռոսարիոյի պետական համալսարանի հետ։ Քննարկվել են ուսանողների, դասավանդողների և հետազոտողների փոխանակման ծրագրերի, համատեղ գիտաժողովների և կրթագիտական նախաձեռնությունների հեռանկարները։

Արթուր Մարտիրոսյանը տեղեկացրել է, որ 2025 թվականի դեկտեմբերին կկայանա Հայագիտական երկրորդ խորհրդաժողովը, իսկ հոկտեմբերի 20-21-ին Երևանում նախատեսվում է «Ակադեմիական քաղաք․ միջազգային գիտելիքների ֆորում»։

Կողմերը վստահություն են հայտնել, որ Հայաստանի և Արգենտինայի կրթական հաստատությունների միջև համագործակցությունը կշարունակի զարգանալ՝ նպաստելով հայագիտական կրթության տարածմանը և միջբուհական կապերի ամրապնդմանը։ Քննարկվել են նաև համատեղ կրթահետազոտական ծրագրեր իրականացնելու հնարավորությունները, այդ թվում՝ երկկողմ և բազմակողմ ձևաչափով՝ «Էրազմուս+» և «Հորիզոն Եվրոպա» ծրագրերի շրջանակում։