Սեպտեմբերի 30-ին՝ ժամը 14:00-ին, Գավառում (Կենտրոնական հրապարակ 3) կվերաբացվի Հայաստանի ազգային պատկերասրահի մասնաճյուղը՝ Հրաչյա Բունիաթյանի անվան պատկերասրահը:
Պատկերասրահի վարած բանակցությունների արդյունքում Գավառ խոշորացված համայնքի ավագանու որոշմամբ Գավառ քաղաքի Կենտրոնական հրապարակ 3 հասցեում հատկացվել է 284,3 քմ զբաղեցնող երկհարկանի տարածք, որում Հայաստանի ազգային պատկերասրահն իր միջոցներով վերանորոգման և արդիականացման աշխատանքներ է իրականացրել:
Այժմ Գավառի պատկերասրահը նոր ցուցադրությամբ բացում է իր դռներն այցելուների առաջ։ Հիմնական հավաքածուից բացի, ժամանակավոր ցուցահանդեսների սկզբունքով ֆոնդերից հանրությանն են ներկայացվելու չցուցադրված նմուշներ։ Ժանրաթեմատիկ բազմազանությամբ առանձնացող էքսպոզիցիայի հիմքում Սևանա լիճն ու շրջակա բնությունն են, գյուղական բնակավայրերն ու կենցաղային տեսարանները։
Մասնաճյուղի վերաբացումն ուղեկցվելու է նոր մշակված կրթական ծրագրերով՝ Գավառի գեղարվեստի դպրոցի և Գավառի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի սաների մասնակցությամբ, ինչպես նաև «Մեղեդի» լարային քառյակի երաժշտական համարներով։
Նշենք, որ քաղաքի մշակութային այս բացառիկ կենտրոնը բացվել է 1991 թ․, ակադեմիկոս Հրաչյա Բունիաթյանի արժեքավոր հավաքածուի հիման վրա։ Շուրջ 40 գեղանկար, գրաֆիկա, քանդակ ներկայացնում են 20-րդ դարի հայկական կերպարվեստի դասականներ, համաշխարհային ճանաչում վայելող Էդգար Շահինի, Եղիշե Թադևոսյանի, Հովհաննես Ալխազյանի, Մարտիրոս Սարյանի, Հակոբ Կոջոյանի, Խաչատուր Եսայանի, Մինաս Ավետիսյանի, Աննա Օստրոումովա-Լեբեդևայի, Գեորգի Վերեյսկու և այլ արվեստագետների գեղարվեստական ժառանգությունը։