ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն ընդունել է ԵՄ աջակցությամբ իրականացվող «EU4Youth ծրագիր երիտասարդների կողմից ՍՁ և կարիերայի կառավարման գործնական հմտությունների խթանում Ուկրաինայում, Մոլդովայում, Վրաստանում և Հայաստանում՝ նորարարական աշակերտական սոցիալական ձեռնարկությունների (ԱՍՁ) մոտեցման միջոցով» ծրագրի շրջանակում Հայաստան ժամանած երիտասարդներին:
Ողջունելով երիտասարդներին՝ Արթուր Մարտիրոսյանը նշել է, որ ինչպես Հայաստանում, այնպես էլ նշյալ պետություններում մարտահրավերներն ու խնդիրները հիմնականում նույնն են: «Մեր առաջնային խնդիրն այն է, որ երիտասարդներն իրենց համարեն փոփոխություններ բերող, ունենան որպես ակտիվ քաղաքացի հանդես գալու անհրաժեշտ կարողունակություններ, ինքնակազմակերպվելու և ինքնադրսևորվելու միջավայր, անհրաժեշտ գիտելիքների ու հմտությունների ձեռքբերմամբ նպաստեն որոշումների ընդունմանը, կազմակերպեն իրենց ինտելեկտուալ ժամանցը»,- ասել է ԿԳՄՍ նախարարի տեղակալը:
Նա իրազեկել է, որ վերջերս ընդունվել է «Երիտասարդական քաղաքականության մասին» ՀՀ օրենքը, որտեղ արտացոլված են ոլորտի առաջնահերթությունները: Այս համատեքստում նա հատկապես կարևորել է տեղական ինքնակառավարման մարմիններում երիտասարդական միջավայրերի ձևավորումը՝ աշխատակազմում ունենալով ոլորտը համակարգող աշխատակիցներ: Նա համոզմունք է հայտնել, որ միջազգային համագործակցությունը կլինի շարունակական՝ ի նպաստ երիտասարդական քաղաքականության կայացման:
«EU4Youth ծրագիր երիտասարդների կողմից» նախաձեռնությունը նախատեսված է երիտասարդներին ձեռնարկատիրական, թվային և կարիերայի կառավարման հմտություններով զինելու համար՝ դպրոցներում աշակերտական սոցիալական ձեռնարկատիրություններ (ԱՍՁ) մոտեցումն ինտեգրելու միջոցով: Նպատակն է խրախուսել երիտասարդների մասնակցությունը հասարակական կյանքում և աշխատաշուկաներում, խթանել սոցիալական ձեռնարկատիրության կրթությունը և գործնական բիզնես հմտությունները, ամրապնդել կարիերայի կառավարման, թվային և էկո-գործելակերպին անցնելու կարողությունները, կառուցել ամուր գործընկերություններ դպրոցների, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների, ձեռնարկատերերի և քաղաքականություն մշակողների միջև։
Ծրագրի թիրախային խմբերը և շահառուներն են՝ 14-18 տարեկան աշակերտներ և նրանց ծնողներ, ավագ դպրոցներ, մասնագիտական և ուսհաստատություններ, ուսուցիչներ, երիտասարդական աշխատողներ և քաղաքացիական հասարակության կազմակերպություններ (ՔՀԿ), սոցիալական ձեռնարկություններ, բիզնեսներ և երիտասարդական ակումբներ, տարածաշրջանային և ազգային մակարդակների պետական մարմիններ։