Շարունակվում են ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանի՝ ուսումնական հաստատություններ չնախատեսված այցերը՝ նոր ուսումնական տարում դասերի կազմակերպման ընթացքին և առկա խնդիրներին ծանոթանալու նպատակով:
ԿԳՄՍ նախարարի տեղակալն այսօր այցելել է Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքի թիվ 4 և Ներսես Աշտարակեցու անվան թիվ 1 հիմնական դպրոցներ, ծանոթացել շենքային և գույքային հագեցվածությանը, ինչպես նաև զրուցել սովորողների և մանկավարժների հետ: Հիմնական դպրոցներում Արաքսիա Սվաջյանը ծանոթացել է նաև դպրոցական սննդի կազմակերպման գործընթացին, եղել տեխնիկապես հագեցած խոհանոցներում և զրուցել երեխաների հետ։
Ավագ դասարանների աշակերտների հետ Արաքսիա Սվաջյանը խոսել է մասնագիտական խմբակների աշխատանքների, մասնագիտական կողմնորոշման հնարավորությունների, ինչպես նաև հանրակրթության պետական նոր չափորոշչով նախատեսված խորացված առարկաների ուսուցման մասին։ Նրա խոսքով՝ նոր մոտեցումները կնպաստեն, որպեսզի համալսարաններ ընդունվելու համար սովորողներն առավելապես օգտվեն դպրոցում ստացած գիտելիքներից՝ նվազեցնելով կրկնուսույցների անհրաժեշտությունը։ Նշվել է նաև, որ չափորոշչի ներդրման շրջանակում ստեղծված նոր դասագրքերի բաշխումն ավարտված է։
Հաջորդիվ՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալն այցելել է Արագածի արհեստագործական պետական ուսումնարան, ծանոթացել արդի պայմաններին և խնդիրներին: Արաքսիա Սվաջյանին ներկայացվել է՝ քոլեջը շուրջ 90 սովորող ունի, որոնցից ավելի քան 40-ն օգտվում է տրանսպորտային ծախսերի փոխհատուցման պետական ծրագրից: ԿԳՍՄ նախարարի տեղակալը քոլեջի տնօրենությանը հորդորել է առավել հետևողական լինել ուսանողների բացակայությունների նկատմամբ: ԿԳՄՍ նախարարի տեղակալը շրջայց է կատարել լսարաններում, ծանոթացել գույքային և շենքային պայմաններին: