Կոմիտաս վարդապետի ծննդյան 156-ամյակի առթիվ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ներկայացուցիչները, Կոմիտասի թանգարան-ինստիտուտի աշխատակազմը, մտավորականներ, արվեստագետներ այցելել են Կոմիտասի անվան պանթեոն և ծաղիկներ խոնարհել Վարդապետի շիրիմին։
Հաջորդիվ Կոմիտասի թանգարան-ինստիտուտում բացվել է «Նամակներ Վիլժուիֆից» խորագրով (Կոմիտաս Գևորգյանի հավաքածու) ցուցադրությունը։ Ներկայացվել են Կոմիտասի կյանքի վերջին տարիներին վերաբերող փաստաթղթեր և նամակներ, որոնք հնարավորություն են ընձեռում նոր դիտանկյունից լուսաբանելու Վարդապետի կենսագրության քիչ ուսումնասիրված էջերը, ինչպես նաև բացահայտելու Կոմիտասի անձին ու գործունեությանն առնչվող մի շարք մանրամասներ։
Թանգարանում մեկնարկել է նաև «Կոմիտաս» միջազգային գիտաժողով-փառատոնը, որն անցկացվում է յուրաքանչյուր տարվա սեպտեմբերի 26-ից հոկտեմբերի 8-ը՝ նոր և հին տոմարներով Կոմիտասի ծննդյան օրվա միջև ընկած ժամանակահատվածում։
Գիտաժողովին մասնակցում են աշխարհի տարբեր երկրների երաժշտագետներ, հարակից գիտաճյուղերի ներկայացուցիչներ, որոնք ներկայացնում են իրենց հետազոտությունները: Թեմատիկան ընդգրկում է Կոմիտասի կյանքի և գործունեության տարբեր ոլորտները՝ միջնադարագիտություն, երաժշտական ֆոլկլոր, կոմպոզիտորական արվեստ և այլն։ Գիտաժողովի շրջանակում տեղի կունենան քննարկումներ, և կներկայացվեն նոր գաղափարներ։
Փառատոնի ընթացքում կհնչի Կոմիտասի երաժշտությունը, նրա ժամանակաշրջանի երաժշտությունը, ինչպես նաև տարբեր ազգերի միջնադարյան և էթնիկ երաժշտություն։