ԿԳՄՍ նախարարության ենթակայությամբ գործող Հենրիկ Իգիթյանի անվան Գեղագիտության ազգային կենտրոնի Մանկական արվեստի թանգարանը (հասցե՝ Սայաթ-Նովա 6) վերաբացվել է:

Բացման միջոցառմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, դեսպաններ, արվեստագետներ:

Երկար դադարից հետո թանգարանը վերադարձել է իր պատմական տարածք՝ վերանորոգված, տեխնիկապես վերազինված և բովանդակության արդիականացված հնարավորություններով։

Կարևորելով Մանկական արվեստի թանգարանի վերաբացումը՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ընդգծել է՝ մանկական արվեստի զարգացումը պետական քաղաքականության առաջնահերթություններից է, քանի որ այսպիսի միջավայրում են նկատելի դառնում տաղանդավոր երեխաները: «Մեր խնդիրն է ճիշտ ժամանակին և ճիշտ ձևով աշխատել նրանց հետ՝ զարգացնելու տաղանդը: Այդ իսկ նպատակով արվեստն առաջնային ուղղություն է նաև դպրոցական կրթության մեջ, քանի որ զարգացնելով ստեղծագործականությունը՝ մարդն ավելի մրցունակ է դառնում մերօրյա աշխարհում: Յուրաքանչյուր երեխա, գալով թանգարան, կսկսի մտածել արվեստի մասին ու ձգտել դեպի արվեստը:

Այս սրահներում ցուցադրված կտավների հեղինակներն արդեն հայտնի նկարիչներ են, ինչը նշանակում է, որ նրանք հենց այստեղից են սկսել իրենց ճանապարհը»,- ասել է նախարարը՝ նշելով, որ թանգարանը մեծ նշանակություն ունի նաև մեծահասակների համար, քանի որ այսօրինակ միջավայրերը օգնում են ամրապնդել մշակույթի դերը մեր կյանքում և այն դարձնել ավելի հասանելի:

Թանգարանում ներկայացված են Գեղագիտության ազգային կենտրոնի սաների լավագույն աշխատանքները, տարբեր տարիների նախագծեր, ինչպես նաև թանգարանի «ոսկե ֆոնդը»։

Թանգարանը գործելու է նաև որպես ստեղծագործական հարթակ․ կլինեն վարպետության դասեր, աշխատարաններ, կրթական ու մշակութային միջոցառումներ բոլոր տարիքային խմբերի համար։ Թանգարանի առաջին ցուցադրությունը նվիրված է «Սասնա ծռեր» էպոսին՝ ներկայացված բազմաժանր արվեստային մոտեցմամբ։

Նորաբաց թանգարանում գործում է նաև գրադարան-գրախանութ:

Մանկական արվեստի թանգարանը վերաբացվել է «Հովնանյան» հիմնադրամի աջակցությամբ և Artbox HUB ծրագրի շրջանակում տրամադրված դրամաշնորհի շնորհիվ։