ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և «ՖաբԼաբ Հայաստան» կրթական հիմադրամի համագործակցությամբ «Դիլիջանի կենտրոնական դպրոց» կրթական հիմնադրամում անցկացվել է «Արհեստական բանականություն և թվային արտադրություն. ուսուցիչը՝ որպես ստեղծարար» խորագրով համաժողովը:
Միջոցառմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, մենթոր դպրոցների և «ՖաբԼաբ Հայաստան» կրթական հիմնադրամի ներկայացուցիչները:
ԿԳՄՍ նախարարության, «ՖաբԼաբ Հայաստան» կրթական հիմնադրամի և դանիական «Լաբսթեր» վիրտուալ լաբորատորիաների ընկերության միջև 2023 թ. կնքվել էր փոխըմբռնման հուշագիր: Հուշագրի նպատակն էր ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատություններում ԳՏՃՄ առարկաներ դասավանդող մանկավարժների ու սովորողների համար այդ առարկաների առցանց ուսուցման ծրագրերի բովանդակության զարգացումը՝ նոր հիբրիդային ուսումնական միջավայր ստեղծելով:
Ողջունելով ներկաներին՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն ընդգծել է՝ համաժողովում ընդգրկվել են հենց այն դպրոցները, որոնք ծրագրի շրջանակում ակտիվորեն ներգրավված են, օգտագործում են վիրտուալ լաբորատորիաները, «ՖաբԼաբ»-ի հնարավորությունները, իրականացնում են նախագծային ուսուցում և նորարարական մեթոդներ։
«Կրթության ոլորտում ունենք տարբեր ծրագրեր, բայց «ՖաբԼաբ»-ն առանձնանում է նրանով, որ միավորում է ոչ միայն տեխնոլոգիական կրթությունը, այլև ստեղծագործականությունը, արվեստը և միջառարկայական կապերը՝ տալով ավելի լայն հնարավորություններ»,- նշել է Արաքսիա Սվաջյանը:
Շնորհակալություն հայտնելով գործընկերներ կառույցներին, ինչպես նաև մենթոր դպրոցներին՝ Արաքսիա Սվաջյանը նշել է՝ վերջիններիս դերակատարությունը մեծ պատասխանատվություն և աշխատանք է պահանջում։
«Գիտեմ, որ մեծ ծավալի աշխատանք եք իրականացնում, բայց միաժամանակ սա նաև մեծ հնարավորություն է լրացուցիչ ռեսուրսներ և փորձ կուտակելու տեսանկյունից։ Այլ դպրոցների համար ծրագրի ընդլայնման հնարավորությունը մեծապես կախված է ձեր արդյունքներից և ձեր կողմից կատարվող աշխատանքի արժևորման մակարդակից: Այս ծրագրերը միջազգային արտադրանքներ են, և բնական է, որ գնահատվում է դրանց ազդեցությունը։ Բայց մեզ համար ամենակարևորն այն է, թե որքանո՞վ են դրանք կիրառելի Հայաստանի դպրոցներում և որքանո՞վ են նպաստում սովորողների մոտիվացիայի ու ուսուցման որակի բարձրացմանը»,- ասել է Արաքսիա Սվաջյանը։
Դիլիջան այցի շրջանակում ԿԳՄՍ նախարարի տեղակալն այցելել է նաև Դիլիջանի ավագ դպրոց, զրուցել աշակերտների հետ: Արաքսիա Սվաջյանն ընդգծել է՝ հենց այսպիսի ծրագրերն են կարևոր՝ նոր հնարավորություններ ստեղծելու, վստահություն ներշնչելու և աշակերտների համար դպրոցը գրավիչ դարձնելու համար։
«Արագ զարգացող աշխարհի պահանջների հետ մրցելու համար պետք է առաջարկենք նոր մեթոդներ, նոր ուսուցման ձևեր և նորարարական մոտեցումներ։ Վստահ եմ, որ սա աստիճանաբար փոխելու է աշակերտների վերաբերմունքն ավագ դպրոցի նկատմամբ, ինչը մեր հիմնական մարտահրավերն է։ Քանի որ դուք մենթոր դպրոցներ եք, այս մարտահրավերը լուծելու եք ոչ միայն ձեր, այլև գործընկեր դպրոցների համար։ Ձեր ձեռքբերումները կապացուցեն՝ մեր դպրոցները փոխվում են, դառնում ավելի որակյալ և, ամենակարևորը, ավելի վստահելի սովորողների և նրանց ծնողների համար»,- դիմելով մենթոր դպրոցների ներկայացուցիչներին՝ ասել է Արաքսիա Սվաջյանը։
Նախարարի տեղակալն ընդգծել է՝ տեխնոլոգիաների զարգացումը շատ արագ է ընթանում, և կրթությունը հաճախ չի հասցնում համընթաց շարժվել, բայց հատկապես ավագ դպրոցում դրանց ազդեցությունն առավել ակնհայտ է։
«Վիրտուալ լաբորատորիաները, պրակտիկ աշխատանքներն ու ստեղծագործական նախագծերը ոչ միայն զարգացնում են սովորողների քննադատական ու ստեղծագործական մտածողությունը, այլև մեծացնում են նրանց մոտիվացիան»,- ընդգծել է ԿԳՄՍ նախարարի տեղական ու հաջողություն մաղթել համաժողովի մասնակիցներին:
«Լաբսթերը» վիրտուալ լաբորատորիաների դանիական ընկերություն է, որն առաջարկում է վիրտուալ լաբորատոր սիմուլյացիաներ՝ հիմնված մաթեմատիկական ալգորիթմների վրա: «Լաբսթերի» 100+ վիրտուալ լաբորատորիաների կատալոգը ներառում է կենսաբանության և քիմիայի վերաբերյալ տարբեր թեմաներ: «Լաբսթերը» ստեղծում է վիրտուալ լաբորատորիաներ, որոնք նմանակում են իրական փորձերը՝ թույլ տալով սովորողներին կատարել փորձարկումներ և կիրառել գիտափորձերը թվային միջավայրում:
Այս լաբորատորիաները նախատեսված են գործնական փորձեր կատարելու համար, որը հանդես է գալիս՝ ի լրումն ավանդական լաբորատոր աշխատանքի։ Այն ապահովում է մատչելիություն և ճկունություն, առարկաների բազմազան շրջանակ, հարմարվողական ուսուցում, համագործակցություն այլ ուսումնական հաստատությունների հետ և այլն։ ՖաբԼաբերը միավորում են ակադեմիական ծրագրերն ու գործնական փորձն իրական լաբորատորիայում և առցանց՝ վիրտուալ լաբորատորիաների, դասավանդման և ուսուցման կիրառումը:
2023-2024 և 2024-2025 ուստարիների ընթացքում ծրագրում ընդգրկված են եղել 38 մենթոր դպրոցներ, 272 ուսուցչի հնարավորություն է տրվել մուտք գործել Labster հարթակ, 100 ուսուցիչներ հաջողությամբ միացել և օգտագործել են իրենց Labster հաշիվները, շուրջ 100 սովորող անձամբ օգտվել է Labster-ից՝ սեփական օգտահաշվով: Ծրագրի ընթացքում օգտագործվել են 38 տարբեր սիմուլյացիաներ՝ սովորելու և սովորեցնելու համար: