ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի է ունեցել Վահագն Ստամբոլցյանի անվան երգեհոնային երաժշտության միջազգային երրորդ փառատոնի հանդիսավոր բացման համերգը` նվիրված Կոմիտասին:
Այս տարի փառատոնին մասնակցում են երգեհոնային դպրոցի այնպիսի ավանդույթներ ունեցեղ երկրներ, ինչպիսիք են՝ Ֆրանսիան, Իսպանիան, Մեծ Բրիտանիան, Նիդերլանդները:
Փառատոնի բացման համերգին հայ երգեհոնահարները և հրավիրյալ երաժիշտները ներկայացրել են Կոմիտասի, Ներսես Շնորհալու, Մակար Եկմալյանի, Ալեքսանդր Հարությունյանի, Առնո Բաբաջանյանի և այլ մեծանուն կոմպոզիտորների ստեղծագործություններից։ Ծրագիրը ներկայացնում էր հայ հոգևոր և ազգային երաժշտական ժառանգության բազմազան երանգները երգեհոնի և այլ գործիքների՝ թավջութակի, բլուլի և շեփորի գեղեցիկ համադրությամբ։
Երեկոյի ընթացքում երաժշտական կատարումներին զուգահեռ ցուցադրվել են Արդեան արվեստի կենտրոնի տնօրեն, ճարտարապետ, դիզայներ և գեղանկարիչ Վազգեն Բրուտյանի աշխատանքները:
Վահագն Ստամբոլցյանի անվան երգեհոնային երաժշտության միջազգային երրորդ փառատոնն այս տարի անցկացվելու է սեպտեմբեր-դեկտեմբեր ամիսներին՝ Երևանում, Կապանում և Չարենցավանում: Կատարումներով հանդես կգան Փարիզի Աստվածամոր տաճարի տիտղոսավոր երգեհոնահար Վենսան Դյուբուան, բրիտանացի առաջատար երգեհոնահար Ջոնաթան Սքոթը, Բարսելոնայի Սագրադա Ֆամիլիա բազիլիկայի գլխավոր երգեհոնահար Խուան Դե Լա Ռուբիան, Ռոտերդամի քաղաքային երգեհոնահար Ադրիան Հոեկը։
Փառատոնի շրջանակում հաջորդ համերգը տեղի կունենա հոկտեմբերի 1-ին. Փարիզի Աստվածամոր տաճարի տիտղոսավոր երգեհոնահար Վենսան Դյուբուան հանդես կգա մենահամերգով:
Փառատոնն ամփոփվելու է դեկտեմբերին՝ գալա համերգով՝ նվիրված Յոհան Սեբաստիան Բախի 340-ամյակին: