ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ու Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանն այսօր այցելել են Երևանի Ավան վարչական շրջանում կառուցվող «Յուվենտուսի» ֆուտբոլային ակադեմիա՝ ծանոթանալու շինարարական աշխատանքների ընթացքին։
Շինհրապարակում նախարարին և ՀՖՖ նախագահին ներկայացվել են ակադեմիայի նախագծերը, շինարարության ընթացքը և իրականացվող աշխատանքների մանրամասները։ Հայաստանում «Յուվենտուսի» ակադեմիայի հիմնադիր Ալֆրեդ Սադոյանը նշել է, որ շինարարությունն ընթանում է նախատեսվածից ավելի արագ տեմպերով և անգամ առաջ է անցել նախանշված գրաֆիկից։ Նրա խոսքով՝ միջազգային ամենաբարձր չափորոշիչներին համապատասխանող ակադեմիան սաների առջև իր դռները կբացի 2026 թվականի ամռանը։
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ողջունել է շինարարական աշխատանքների առաջանցիկ տեմպերը՝ միաժամանակ կարևորելով բարձր որակի ապահովումը։ Նախարարը նշել է, որ ակադեմիայի հիմնումն առանցքային նշանակություն է ունենալու հայկական ֆուտբոլի զարգացման, երիտասարդ սաների մարզական կրթության և միջազգային համագործակցության ամրապնդման տեսանկյունից։
Նախատեսվում է, որ Ավան վարչական շրջանում կառուցվող ակադեմիան ունենալու է տարբեր չափսերի դաշտեր, իսկ 5-7 տարեկան երեխաների համար նաև արհեստական խոտածածկով փակ խաղադաշտ է կառուցվելու: Մարզաբազայում նաև հյուրանոց-կացարան է գործելու՝ եվրոպացի մարզիչների և ՀՀ տարբեր մարզերում բնակվող երեխաների համար, որոնք ընտրվելու են իտալացի տեխնիկական տնօրենի կողմից և անվճար հիմունքներով բնակվելու են այնտեղ: Ակադեմիան գործելու է ինչպես վճարովի, այնպես էլ անվճար հիմունքներով՝ կախված երեխաների առաջադիմությունից և գրանցած արդյունքներից։
Հայաստանում «Յուվենտուսի» ակադեմիան բաղկացած է լինելու 2000 սաների համար նախատեսված 3 մարզաբազայից, որոնցից երկուսը տեղակայված կլինեն Երևանի Ավան վարչական շրջանում և «Հրազդան» մարզադաշտին հարող տարածքում, իսկ 3-րդը՝ Կոտայքի մարզի Նոր Հաճն համայնքում։ Յուրաքանչյուր տարի ակադեմիայի լավագույն սաներն ուղևորվելու են Թուրին՝ «Յուվենտուսի» գլխավոր ակադեմիա, որտեղ կմասնակցեն մարզումների և ընկերական խաղերի։
Նախատեսվում է, որ Ավան վարչական շրջանում և «Հրազդան» մարզադաշտի հարևանությամբ կառուցվող մարզաբազաների, ինչպես նաև ՈՒԵՖԱ-ի երկրորդ կատեգորիայի մարզադաշտի շինարարության աշխատանքները կավարտվեն հաջորդ տարի։