ԿԳՄՍ նախարարության ենթակայությամբ գործող Հենրիկ Իգիթյանի անվան Գեղագիտության ազգային կենտրոնի Մանկական արվեստի թանգարանը (հասցե՝ Սայաթ-Նովա 6) վերաբացվում է: Պաշտոնական միջոցառումը տեղի կունենա սեպտեմբերի 25-ին՝ ժամը 17:00-ին:
Երկար դադարից հետո թանգարանը վերադառնում է իր պատմական տարածք՝ վերանորոգված, տեխնիկապես վերազինված և բովանդակության արդիականացված հնարավորություններով։
Թանգարանում ներկայացված են Գեղագիտության ազգային կենտրոնի սաների լավագույն աշխատանքները, տարբեր տարիների նախագծեր, ինչպես նաև թանգարանի «ոսկե ֆոնդը»։ Ցուցադրված գործերի հեղինակներից շատերն այսօր ճանաչված արվեստագետներ են, սակայն թանգարանում կներկայացվեն նաև հաստատություն հաճախող երեխաների ստեղծագործությունները։ Շուտով կգործի նաև միջազգային բաժինը։
Թանգարանը գործելու է նաև որպես ստեղծագործական հարթակ․ կլինեն վարպետության դասեր, աշխատարաններ, կրթական ու մշակութային միջոցառումներ բոլոր տարիքային խմբերի համար։ Նշյալ ծրագրերը կյանքի կկոչվեն նորաստեղծ «Արտակարգ» արվեստի հարթակի միջոցով, որի նպատակն է ձևավորել նորարարական, ներառական և բազմաֆունկցիոնալ մշակութային միջավայր՝ հիմնված Գեղագիտության ազգային կենտրոնի ժառանգության վրա։
Թանգարանի առաջին ցուցադրությունը նվիրված է «Սասնա ծռեր» էպոսին՝ ներկայացված որպես բազմաժանր արվեստային մոտեցմամբ։
Նորաբաց թանգարանում գործելու է նաև գրադարան-գրախանութ: Տեղադրվել է վերելակ՝ հարմարեցված բոլոր այցելուների ազատ տեղաշարժի համար։
Մանկական արվեստի թանգարանը վերաբացվում է «Հովնանյան» հիմնադրամի աջակցությամբ և Artbox HUB ծրագրի շրջանակում տրամադրված դրամաշնորհի շնորհիվ։
Artbox-ը հիմնադրվել է Creative Armenia-ի կողմից՝ իրականացվելով Հայաստանում Եվրոպական միության ֆինանսավորմամբ և ՀԲԸՄ Հայաստանի հետ համագործակցությամբ՝ «Կատապուլտ» ստեղծարար ակսելերացիոն ծրագրի շրջանակում։