«Արմենպրես» գործակալության մամուլի սրահում այսօր տեղի է ունեցել մամուլի ասուլիս, որի ընթացքում ԿԳՄՍՆ հանրակրթության վարչության պետ Թամարա Սարգսյանը ներկայացրել է բարձր կատարողականի արդյունքով ուսհաստատություններին խրախուսելու, ինչպես նաև ցածր կատարողականի արդյունքով աջակցելու նպատակով լրացուցիչ ֆինանսավորում տրամադրելու կարգի մանրամասները:
Թամարա Սարգսյանի նշմամբ՝ վերոնշյալ կարգով պետությունն աջակցելու է այն ուսումնական հաստատություններին, որոնցում մանկավարժական, կառավարման, կադրային, կրթության որակի հետ կապված խնդիրների լուծման կարիք կա: «Կստեղծվի խրախուսման հնարավորություն, որպեսզի այն դպրոցները, որոնք ունեն նախաձեռնություններ, հավակնոտ ծրագրեր, զարգացման միտումներ և պլաններ, կարողանան իրագործել իրենց նպատակները»,- նշել է Թամարա Սարգսյանը և հավելել, որ կարգով մանրամասն ներկայացվել են դրա մեխանիզմները և գործողությունների հաջորդականությունը:
Վարչության պետի տեղեկացմամբ՝ բարձր կատարողականի գնահատման համար սահմանված են որոշ չափանիշներ, որոնց դպրոցը պետք է համապատասխանի. «Օրինակ՝ դպրոցը պետք է ունենա կամավոր ատեստավորված ուսուցիչների 50%-ից ավելի և տարակարգ ունեցող ուսուցիչների 20%-ից ավելի ցուցանիշներ, ամսվա, տարվա լավագույնների մրցույթների, օլիմպիադաների տարբեր փուլերի մասնակցություն և նմանատիպ այլ օբյեկտիվ տվյալներ, որոնք ուղղակիորեն կամ անուղղակիորեն կապված են տվյալ դպրոցում կրթության որակի հետ: Այս տվյալները լրացնելուց հետո հայտարարվելու է մրցույթ բարձր կատարողական ունեցող դպրոցների համար»,-նշել է Թամարա Սարգսյանը՝ ընդգծելով, որ որոշումն ուժի մեջ է մտնելու 2026 թվականի հունվարի մեկից, հետևաբար մինչև հունիսի 30-ը դպրոցները կունենա հնարավորություն ներկայացնելու տվյալներ:
Թամարա Սարգսյանի տեղեկացմամբ՝ մրցույթը հայտարարելուց հետո դպրոցները ներկայացնելու են համապատասխան տվյալները և զարգացման նորարարական ծրագիրը: Յուրաքանչյուր դպրոց իրավունք ունի ներկայացնելու մեկ ծրագիր. ֆինանսական խրախուսումը տրվելու է հաստատությանը, ոչ թե ծրագրին։
«Հանձնաժողովը ծրագրերն ուսումնասիրելու արդյունքում կընտրի մինչև 20 ուսումնական հաստատություն: Յուրաքանչյուր հաստատություն կարող է որպես ֆինանսական խրախուսում ստանալ մինչև 10 միլիոն դրամ։ Կարևոր է ընդգծել, որ ֆինանսական միջոցներն ուղղվելու են դպրոցի ընթացիկ ծախսերին: Այս ծրագրի շրջանակում շեշտադրվում են բովանդակային, կրթության որակին, մասնագիտական զարգացմանը, կառավարման հմտություններին ուղղված գործողությունները։ Կապիտալ ծրագրեր և ծախսեր ծրագրի շրջանակում իրականացնել նպատակահարմար չենք համարում, որովհետև պետությունը ներկայում այդ ուղղությամբ մեծածավալ աշխատանքներ է կատարում»,- պարզաբանել է Թամարա Սարգսյանը:
Անդրադառնալով դպրոցների ցածր կատարողականի արդյունքով աջակցելու նպատակով լրացուցիչ ֆինանսավորմանը՝ Թամարա Սարգսյանը նշել է, որ տվյալ դեպքում գնահատման մեխանիզմը և փուլերն այլ են: Նրա խոսքով՝ կրթության կառավարման տեղեկատվական համակարգից այդ նպատակով ներբեռնվելու են բոլոր հաստատությունների վերաբերյալ օբյեկտիվ տվյալները, որոնք վերաբերում են ուսումնական պլանը ձևավորելու ժամկետներին, ուսպլանի և դասաբաշխման համապատասխանություններին, թեմատիկ պլաններին, դրանց բովանդակությանը, սովորողների թվին և շարժին։
«Այս բոլոր տվյալները ներբեռնելուց հետո առանձնացվելու են 40 հաստատություններ, որոնք այս տվյալների հիման վրա ունեն նվազագույն ցուցանիշներ: Այնուհետև այդ հաստատություններում Գնահատման և թեստավորման կենտրոնի կողմից իրականացվելու է արտաքին գնահատում՝ սովորողների կրթության որակի և ակադեմիական առաջադիմության հետ կապված: Ընտրված դպրոցների համար արդեն պետք է կազմվի զարգացման, բարելավման ծրագիր. հանձնաժողովի որոշմամբ այս դպրոցներին կցվելու են մենթոր դպրոցներ, որոնք աջակցելու են ծրագրի մշակման և իրականացման հարցերում: Պետք է ներկայացվի երկու տարվա բարելավման ծրագիր. առաջին տարվա ժամանակացույցին և գործողություններին համապատասխան ծրագիրն իրականացնելուց հետո կկատարվի գնահատում. առաջընթացի պարագայում կիրականացվեն նաև երկրորդ տարվա գործողություններ»,- նշել է Թամարա Սարգսյանը՝ հավելելով, որ բարձր ու ցածր կատարողական դպրոցների ընդհանուր թիվը պետք է չգերազանցի 40-ը. նախապատվությունը կտրվի ցածր կատարողական ունեցող դպրոցներին: Ծրագրի իրականացման նպատակով նախատեսված է մինչև 5 միլիոն դրամ աջակցություն։