ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն այսօր մասնակցել է «Ապագայի դպրոց», ինչպես նաև դպրոցների ղեկավարների զարգացման ծրագրերի մեկնարկին նվիրված պաշտոնական միջոցառմանը:
Ծրագրերն իրականացվում են «Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոն» հիմնադրամի (ԿԶՆԱԿ), Հայաստանում Էստոնիայի միջազգային համագործակցության կենտրոնի (ESTDEV), ինչպես նաև Էստոնիայի Կրթական գիտությունների ինստիտուտի և Տալլինի համալսարանի հետ համատեղ:
Միջոցառման մասնակիցներին ողջունել են նաև ՀՀ–ում Էստոնիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մարգ Մարդիսալու–Կահարին, ԿԶՆԱԿ հիմնադրամի տնօրեն Ժաննա Հարությունյանը, ԿԳՄՍ նախարարի խորհրդական Արտաշես Թորոսյանը:
Ողջունելով ներկաներին՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը նշել է՝ Հայաստանի հանրակրթության համակարգը ներկայում ակտիվ բարեփոխումների փուլում է, որի կարևոր բաղադրիչներից մեկը հենց կառավարմանն առնչվող փոփոխություններն են:
«Հայաստանի հանրակրթական դպրոցներում երրորդ տարին է՝ ներդրվում է հանրակրթության պետական չափորոշիչը, իրականացվում են նաև ուսուցիչների մասնագիտական զարգացման մի շարք նոր ծրագրեր: Կարծում եմ՝ թե՛ չափորոշչի ներդրման, թե՛ ուսուցիչների մասնագիտական զարգացման տեսանկյունից շատ կարևոր է տնօրենի արդյունավետ կառավարումը։ Վստահ եմ՝ այն փորձը, որն առկա է Էստոնիայում և այն հաջողությունները, որոնք գրանցել են էստոնական դպրոցները, մեզ համար շատ ուսանելի են»,- ասել է Արաքսիա Սվաջյանը։
ԿԳՄՍ նախարարի տեղակալի խոսքով՝ ծրագրում ընդգրկվելու հնարավորություն են ունեցել այն ուսումնական հաստատությունները, որոնք ավելի առաջանցիկ են և ավելի մեծ հաջողություններ են գրանցել։
«Սա մենք դիտարկում ենք որպես վերապատրաստողների վերապատրաստման մի ծրագիր: Հուսով եմ՝ այն դասընթացները, որոնք մասնակիցներն անցնելու են այս ծրագրի շրջանակում, ստեղծելու են բավարար ռեսուրսներ, որպեսզի մենք հետագայում կարողանանք նաև իրենց փորձը կիրառել այլ դպրոցների տնօրենների կարողությունների զարգացման աշխատանքներում»,- ընդգծել է ԿԳՄՍ նախարարի տեղակալը:
Դպրոցի ղեկավարի զարգացման ծրագիրն ուղղված է Հայաստանի դպրոցների ղեկավար կազմի մասնագիտական աճին և ժամանակակից առաջնորդության կարողությունների զարգացմանը։ Ծրագիրը նպատակ ունի խթանելու սովորողակենտրոն առաջնորդության մոտեցումներ, նպաստելու առաջնորդության գաղափարների տարածմանը և ձևավորելու համագործակցային դպրոցական մշակույթ։
«Ապագայի դպրոց» ծրագիրն ուղղված է Հայաստանի դպրոցներում սովորողակենտրոն մշակույթի ձևավորմանը և կայուն փոփոխությունների խթանմանը: Ծրագիրը հիմնված է Տալլինի համալսարանում 2017թ․ մեկնարկած համանուն ծրագրի սկզբունքների վրա և նպատակ ունի խթանելու ապացույցների վրա հիմնված, համագործակցային և առաջադեմ մանկավարժությունը։ Մասնակցության համար ընտրվել են հինգ դպրոցական թիմեր, որոնցից յուրաքանչյուրն ընդգրկում է դպրոցական ղեկավար կազմը (տնօրեն, փոխտնօրեն) և չորս ուսուցիչ։