ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և ՅՈՒՆԵՍԿՕ-ի աջակցությամբ Մասնագիտական կրթության և ուսուցման զարգացման ազգային կենտրոնը (ՄԿՈՒԶԱԿ) կազմակերպել է «Ոլորտային որակավորման շրջանակներ՝ «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» նոր օրենքի ներքո» խորագրով երկօրյա աշխատաժողովը։

Աշխատաժողովի հիմնական նպատակն է աջակցել 2024 թ.-ին ուժի մեջ մտած «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» նոր օրենքի դրույթների իրականացմանը, նպաստել հմտությունների բնութագրերի ու զբաղմունքների համապատասխանեցմանը ոլորտային որակավորումների շրջանակներին (ՈՈՇ)։ Քննարկումների առանցքում ՏՀՏ, թեթև արդյունաբերության և շինարարության ոլորտներն են։

Աշխատաժողովին մասնակցել են ՏՀՏ, թեթև արդյունաբերության և շինարարության ոլորտների, համապատասխան ոլորտը համակարգող քաղաքականություն մշակողների, ինչպես նաև տեղական և միջազգային փորձագետների շուրջ 80 ներկայացուցիչներ:

Աշխատաժողովին ներկա է եղել և ողջույնի խոսքով հանդես եկել ԿԳՄՍՆ մասնագիտական կրթության և ուսուցման վարչության պետ Արմենուհի Պողոսյանը: Անդրադառնալով ոլորտում նոր օրենքի ընդունմանը՝ նա ընդգծել է, որ այն նոր կարգավորումներ ու փոփոխություններ է նախատեսում օրենսդրական դաշտում, որոնցից մեկը որակավորումների ազգային համակարգի ներդրումն է, ինչը թույլ կտա լինել շատ ավելի ճկուն մասնագետների պատրաստման հարցում:

«Ոլորտային որակավորումների շրջանակը շատ կարևոր համակարգ է դառնալու մասնագիտական կրթության և ուսուցման համար: Այս համակարգը պետք է միավորի կրթության, աշխատաշուկայի և տնտեսության ոլորտները՝ հնարավորինս արդյունավետ դարձնելով ոլորտում իրականացվող բարեփոխումները: Այժմ մշակվում է զբաղմունքների նկարագրի վրա հիմնված մի փաստաթուղթ, որի հիման վրա կմշակվեն կրթական ծրագրեր ուսումնական հաստատությունների կողմից՝ լավագույնս արձագանքելով աշխատաշուկայի պահանջներին»,- ասել է Արմենուհի Պողոսյանը՝ շնորհակալություն հայտնելով գործընկերներին համատեղ աշխատանքի համար:

Ոլորտային որակավորումների շրջանակի մարտահրավերների, խնդիրների, հեռանկարների և միջազգային փորձի մասին զեկույցներով հանդես են եկել ԿԶՆԱԿ հիմնադրամի Մասնագիտական կրթության և ուսուցման զարգացման ազգային կենտրոնի տնօրեն Տաթևիկ Գասպարյանը, Էստոնիայի կրթության և հետազոտությունների նախարարության ներկայացուցիչ Կուլլի Ալլը, «Imanovation» ՍՊԸ-ն ներկայացնող փորձագետ Դիդիե Ժելիբերը, Աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտի տնօրենի տեղակալ Գառնիկ Աբրահամյանը, «Prodeform» ՍՊԸ գործադիր տնօրեն Արսեն Սիմոնյանը, ՄԱԶԾ փորձագետ Արամ Ավագյանը: