ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը Թբիլիսիի N104 դպրոցում ներկա է եղել «Արմաթ» ճարտարագիտական աշխատանոցի բացմանը: Սա Վրաստանի մայրաքաղաքում բացված առաջին «Արմաթ» աշխատանոցն է: Մինչ այդ Վրաստանի այլ բնակավայրերի դպրոցներում արդեն գործում էին 11 «Արմաթը» աշխատանոցներ:

Միջոցառմանը մասնակցել են Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի տեղակալ Բաիա Կվիցիանին, Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը և լաբորատորիայի հիմնադիր, Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Սարգիս Կարապետյանը։

Ողջունելով ներկաներին՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը կարևորել է ժամանակակից տեխնոլոգիաների տիրապետման անհրաժեշտությունը և այս համատեքստում ընդգծել «Արմաթի» կարևոր դերակատարությունը:

2011 թվականից ներդրված «Արմաթ» ճարտարագիտական ոչ ֆորմալ կրթական ծրագիրն իրականացվում է ՀՀ ԿԳՄՍՆ օժանդակությամբ՝ ԱՏՁՄ-ի հետ համագործակցությամբ:

Ներկայում ՀՀ հանրակրթական դպրոցներում գործում են շուրջ 630 «Արմաթ» ճարտարագիտական աշխատանոցներ՝ հասանելիություն ապահովելով ՀՀ յուրաքանչյուր երկրորդ դպրոցում։ «Արմաթի» աշխարհագրությունը տարեցտարի ընդլայնվում է. ներկայում այն գործում է նաև արտերկրում՝ ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Քուվեյթում, Հնդկաստանում, Վրաստանում:

Ներկաներին լաբորատորիայի ընդհանուր գործունեությունը, նպատակն ու գրանցած ձեռքբերումները ներկայացրել է «Արմաթի» համակարգող Սեդրակ Վարդանյանը։

Թբիլիսի կատարած աշխատանքային այցի շրջանակում ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը նաև հանդիպում է ունեցել Վրաստանի կրթության, գիտության, երիտասարդության նախարարի տեղակալ Բաիա Կվիցիանիի հետ։ Փոխնախարարներն անդրադարձել են ՀՀ և Վրաստանի հանրակրթության ոլորտում իրականացվող բարեփոխումներին և հնարավոր համատեղ ծրագրերին։