«Արամ Խաչատրյան» համերգասրահում ՀՀ անկախության օրվան ընդառաջ տեղի է ունեցել Սարգիս Շնորհալու «Մեկնութիւն յոթ Կաթողիկէ թղթոց» աստվածաբանական և ձեռագրագիտական բացառիկ արժեք ունեցող աշխատությունը (13-14-րդ դդ.) Մատենադարանին ընծայաբերելու արարողությունը:
Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը, Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Արթուր Աթաբեկյանը, ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանը, գործադիր և օրենսդիր մարմինների, գիտական հանրության ներկայացուցիչներ, ՀՀ-ում հավատարմագրված դեսպաններ:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է՝ իր համար մեծ պատիվ է ներկա լինել արարողությանն այն արձանագրմամբ, որ շատ կարևոր մի մատյան հանգրվանելու է Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում:
«Հայաստանի Հանրապետությունը պետք է դառնա մեր ինքնության կարևորագույն հուշարձանների, մատյանների հանգրվանը: Մենք առաջնորդվում ենք այն գաղափարաբանությամբ, որ մեր պետությունը մեր ինքնությունն է»,- ասել է վարչապետը։
Հաջորդիվ տեղի է ունեցել ՀՀ անկախության տոնին նվիրված համերգ՝ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի կատարմամբ:
Մատյանը ձեռք է բերվել, Հայաստան է տեղափոխվել և Մատենադարանին է ընծայաբերվել ՀՀ կառավարության աջակցությամբ։ ՀՀ պետական բյուջեից այս նպատակով հատկացվել էր շուրջ 93 մլն դրամ: Մատենադարանի տնօրենության՝ ամիսներ տևած բանակցության արդյունքում հնարավոր է դարձել ձեռագիրը հանել աճուրդից և նվազեցնել նախնական գինը: Մեծադիր մատյանի մեկ թերթը պահվում էր Մատենադարանում, և այն ևս զետեղվել է մատյանում: