Սեպտեմբերի 21-ին ՀՀ անկախության 34-րդ տարեդարձին նվիրված համերգով Արմավիրում եզրափակվել է «Ֆեստիվառ» զբոսաշրջային-երաժշտական երրորդ փառատոնը:

Բեմում էին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբն ու հայկական էստրադայի արտիստներ Մաշա Մնջոյանը, Ժակոն, Իվետա Մուկուչյանը, Էրիկ Կարապետյանը, Բրյունետը, ինչպես նաև «Գարիկ և Սոնա» խումբը, «Նեմրան» և «Ռեինկարնացիա» օրկեստրան:

Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, Կառավարության այլ անդամներ, բազմաթիվ հանդիսականներ:

Ողջունելով ներկաներին՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է ՀՀ անկախության օրվա առիթով. «Այս լեփ-լեցուն հրապարակը մեր այսօրվա ազատության, ինքնիշխանության, անկախության և գիտակցության խորհրդանիշն է: Մենք սեփական ձեռքերով պետք է կառուցենք մեր երկրի երջանկությունը և բարեկեցությունը»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Մինչև մեծ համերգը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ու պաշտոնատար այլ անձինք շրջել են Արմավիր քաղաքում՝ ծանոթանալով տեղական արտադրանքի տոնավաճառին։ Տեղի է ունեցել նաև այցելություն մարզի տեսարժան վայրեր:

«Ֆեստիվառ» փառատոնը կազմակերպվում է ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ և իրականացվում է Հանրային հեռուստաընկերության կողմից։ Այն իրականացվում է արդեն երրորդ տարին անընդմեջ՝ նպատակ ունենալով խթանել ներքին զբոսաշրջությունն ու մարզային մշակութային կյանքը:

Փառատոնն այս տարի մեկնարկել է օգոստոսի 23-ին։ Այդ օրն Արտաշատում տեղի է ունեցել երգիչ Սարո Թովմասյանի (Սարո) համերգը՝ Karen Sevak Band-ի ուղեկցությամբ: «Ֆեստիվառի» շրջանակում հաջորդ միջոցառումը տեղի է ունեցել սեպտեմբերի 13-ին Հրազդանում, որտեղ անցկացվել է Հարութ Փամբուկչյանի՝ Ձախ Հարութի մենահամերգը՝ Karen Sevak Band-ի նվագակցությամբ: