«Ակադեմիական քաղաք» հիմնադրամը կազմակերպել է աշխատանքային հանդիպում, որի ընթացքում գերմանական RSUP (Rabe Strategic Urban Planning) ընկերության գործադիր տնօրեն Յոհան Ռաբեն ներկայացրել է սկադեմիական քաղաքի քաղաքաշինական զարգացման ռազմավարական շրջանակի մշակման արդյունքները։
Հանդիպմանը ներկա են եղել ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը և Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը։
Ներկայացնելով ակադեմիական քաղաքի քաղաքաշինական զարգացման ռազմավարական շրջանակի առանցքային դրույթները՝ Յոհան Ռաբեն նշել է, որ վերջինիս մշակման աշխատանքները սկսվել են դեռևս 2024 թ․ հոկտեմբերին՝ հիմք ընդունելով «Ջիէմփի» ընկերության նախագծած գլխավոր հատակագծի հայեցակարգը:
Այս ընթացքում կազմակերպության ներկայացուցիչներն աշխատանքային այցեր են կատարել Հայաստան անհրաժեշտ տվյալների հավաքագրման նպատակով։ Նրանք նաև աշխատանքային հանդիպումներ են ունեցել պետական և մասնավոր 50-ից ավելի կազմակերպությունների, գիտակրթական հաստատությունների, տեխնոլոգիական ընկերությունների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Ծրագրի շրջանակում հարցումներ են անցկացվել ակադեմիական համայնքի ավելի քան 3000 ներկայացուցիչների շրջանում՝ ստեղծելով ուսումնասիրվող շրջանակին առնչվող տվյալների շուրջ 2300 հավաքածու:
Շահագրգիռ կողմերի հետ լայնածավալ խորհրդակցությունների և հավաքագրված տվյալների վերլուծության արդյունքում գերմանական ընկերությունը մշակել է «Ակադեմիական քաղաք» ծրագրի փուլային իրականացման ճանապարհային քարտեզը՝ 7 ուղղություններով (կառավարման, տնտեսական, գործառնական, իրավական, տեխնիկական, բնապահպանական, անվտանգային): Վերլուծության արդյունքում ռիսկերի կանխմանը վերաբերող առաջարկներ են մշակվել՝ քաղաքի կառավարման գլոբալ հիմնահարցերից մինչև բնակիչների առօրյա գործունեությանն առնչվող հարցեր:
Գերմանական RSUP (Rabe Strategic Urban Planning) ընկերության գործադիր տնօրեն Յոհան Ռաբեի հավաստմամբ՝ ամենաառանցքային միտքը, որով առաջնորդվել է շրջանակի մշակման և շահագրգիռ կողմերի հետ քննարկումների ընթացքում, այն է, որ ակադեմիական քաղաքը պարզապես շինարարական նախագիծ չէ և կառուցվող ենթակառուցվածքների համախումբ, այլ առաջին հերթին հանրապետական մակարդակի համակարգաստեղծ նախաձեռնություն, որն արտացոլում է կրթական լիովին նոր համակարգի ձևավորումը։
Նա համոզմունք է հայտնել, որ նախագծի իրականացման առաջին փուլում ակադեմիական քաղաքի ընձեռած հնարավորություններից և ենթակառուցվածքներից կկարողանան օգտվել ոչ միայն ուսանողական և ակադեմիական համայնքները, այլև մասնավոր տեխնոլոգիական և նորարարական ընկերությունները, ինչպես նաև հասարակության լայն շրջանակները։