Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հոբելյանական 100-րդ համերգաշրջանի մեկնարկին ընդառաջ` «Արամ Խաչատրյան» համերգասրահում այսօր հրավիրվել է մամուլի ասուլիս, որի բանախոսներն էին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, ջութակահար Սերգեյ Խաչատրյանը, դիրիժոր Պիետարի Ինկինենը, ՀԱՖՆ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը, ՀԱՖՆ տնօրեն Նորայր Նազարյանը:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանի խոսքով՝ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հոբելյանական 100-րդ տարեդարձի համերգաշրջանը կմեկնարկի Երևանյան 17-րդ միջազգային երաժշտական փառատոնով՝ սեպտեմբերի 19-ից:

Նախարարի տեղակալն անդրադարձել է 100-ամյա նվագախմբի պատմությանը՝ անցյալին, ներկային, ընթացիկ ուղուն, դժվարություններին ու ձեռքբերումներին՝ կարևորելով ներկա ու նախկին արվեստագետների գործուն ավանդն ու ներդրումը, որոնց շնորհիվ նվագախումբը ստեղծվել, կայացել, զարգացել է՝ ապահովելով մեծ ճանաչում:

«Ալեքսանդր Սպենդիարյան, Արշակ Ադամյան, Դավիթ Խանջյան, Օհան Դուրյան, Լորիս Ճգնավորյան. արդեն 25 տարի այս նշանավոր մարդկանց կարևոր առաքելությունն ու գործը շարունակում է մաեստրո Էդուարդ Թոփչյանը: Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը լոկ միավոր չէ, այն մի ամբողջ ինստիտուցիոնալ համակարգ է, կրթական կենտրոն, որն իր մեջ ներառում է տասնյակ մասնագիտություններ, վարչատնտեսական թիմ, որոնք ապահովում են նվագախմբի գործունեությունը: Ֆիլհարմոնիկը մեծ հեղինակություն է վայելում ոչ միայն Հայաստանում, այլև աշխարհի նվագախմբերի շարքում և կարևորագույն նշանակություն ունի մեր երկրի համար»,- ասել է Դանեիլ Դանիելյանը:

Նախարարի տեղակալը հանգամանորեն անդրադարձել նաև նվագախմբի 100-ամյակին նվիրված հոբելյանական ծրագրին, որը մեկնարկել է Փարիզում` ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում, այնուհետև շարունակվել աշխարհի այլ հեղինակավոր հարթակներում՝ Հայաստանը բացահայտող բարձրարժեք համերգներով։

Հաջորդիվ Ֆիլհարմոնիկ նվագախումբը հյուրախաղերով հանդես է եկել Հայաստանի մարզերում. «Տասնյակ քաղաքներ և բնակավայրեր ընդգրկված էին մարզային հյուրախաղերի ծրագրում: Մշակույթի ապակենտրոնացման ասպարեզում սա պետության որդեգրած քաղաքականությունն է, այսինքն` բարձր մշակույթը, որը մենք ցուցադրում ենք Երևանի սրտում, ներկայացնում ենք Փարիզում, արտերկրի այլ քաղաքներում, աշխարհի լավագույն հարթակներում, նույնությամբ, նույն արտիստական կազմով ներկայացնում ենք նաև մարզերում: Անգնահատելի են նաև անվանի ջութակահար Սերգեյ Խաչատրյանի մասնակցությունը և վարպետության դասերը մարզային հյուրախաղերի շրջանակում: Պատմական էր Ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգը Իրանի Պերսեպոլիս քաղաքում»,- նշել է նախարարի տեղակալը:

Նա անդրադարձել է նաև Արամ Խաչատրյանի անվան համերգասրահին, որտեղ գործում է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը: Նախարարի տեղակալի տեղեկացմամբ՝ վերանորոգվել, և վերականգնվել են համերգասրահի բոլոր հարթակները, սրահները և տանիքը: Կառույցը վերազինվել է լուսաձայնային նոր տեխնիկայով, ջերմասառեցման համակարգով

«100-ամյակի հյուրախաղերի, համերգների բրենդավորման համար նախարարությունը հավելյալ 434 միլիոն դրամ գումար է հատկացրել է: Առանձին 645 միլիոն դրամի միջոցներ են հատկացվել շինարարական աշխատանքների, այլ տեխնիկաների ձեռք բերման համար դրամ: Ընդհանուր առմամբ՝ միայն այս տարի 1 միլիարդից ավելի գումար է ներդրվել նվագախմբի գործունեության, շենքի պահպանման և այլնի համար»,- նշել է Դանիել Դանիելյանը:

Ֆին դիրիժոր Պիետարի Ինկինենը, որը կղեկավարի Երևանյան 17-րդ միջազգային երաժշտական փառատոնի բացման համերգը, նշել է, որ նվագախմբի հետ հրաշալի փորձեր են ունեցել, երաժիշտները շատ զգայուն են արձագանքում իր մեկնաբանությանը. «Երաժիշտները շատ մոտիվացված են աշխատում, և յուրաքանչյուրն անում է լավագույնը՝ արդյունքի հասնելու համար»,- ասել է նա:

Մաեստրո Էդուարդ Թոփչյանը, որը ղեկավարում է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը շուրջ 25 տարի և հանդիսանում է նվագախմբի ամենաերկարակյաց դիրիժորը, նշել է, որ երբևէ չի պատկերացրել, առավել ևս ծրագրել, որ այսքան երկար ճանապարհ կանցնի նվագախմբի հետ: Այդ ճանապարհին եղել են շատ դժվարություններ, մյուս կողմից միշտ դրվել են նպատակներ, որոնց հասնելուց հետո այլ բարձրունքների են ձգտել: Թոփչյանը շնորհակալություն է հայտնել նվագախմբի բոլոր երաժիշտներին, որ իր հետ միասին ջանք չեն խնայել կատարողական բարձր մակարդակի համար. «Արվեստում միշտ ավելիին ձգտելու տեղ կա, և միշտ լավից ավելի լավը կա: Հայ ազգը տաղանդավոր է, և ճիշտ ու արդյունավետ կրթություն ապահովելու ու հեռանկարներ ստեղծելու պարագայում մեծ արդյունքների կարող ենք հասնել»:

ՀԱՖՆ տնօրեն Նորայր Նազարյանը շնորհավորել է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի 100-ամյակի առթիվ և նշել, որ այն Հայաստանի Հանրապետության գործող ազգային արժեքներից է: Նա հավելել է, որ դասական երաժշտությունը սահմաններ չի ճանաչում և աշխարհի հետ խոսելու միջազգային լեզու է: Նվագախումբն էլ ամեն առումով ձգտում է այս բնագավառում դառնալ լավագույններից մեկը: Նա շնորհակալություն է հայտնել Սերգեյ Խաչատրյանին, որ հանդես գալով աշխարհի լավագույն բեմերում՝ չի մոռանում իր արմատների մասին և ամեն առիթ օգտագործում է հայ երաժշտական մշակույթը տարածելու համար:

Նազարյանը նաև շնորհակալություն է հայտնել ՀՀ ԿԳՄՍ նախարարությանը, որ այդքան մեծ ուշադրություն և աջակցություն է ցուցաբերում նվագախմբին՝ բոլոր նախաձեռնություններն իրականացնելու հարցում:

Հռչակավոր և հայրենիքում հատուկ սեր ու ջերմություն վայելող Սերգեյ Խաչատրյանը նշել է, որ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբն իր տունն է. «Ամեն անգամ վերադառնալիս՝ ես իմ տուն եմ գալիս: Էդուարդ Թոփչյանի հետ միասին նվագում եմ դեռ մանուկ տարիքից, միասին անգամ որպես ջութակահար ենք ելույթ ունեցել՝ Բախի կրկնակի կոնցերտով: Հուսով եմ, որ դեռ մի 100 տարի էլ դեռ միասին կաշխատենք»:

Սերգեյ Խաչատրյանը նաև նշել է, որ վերջերս տեղի ունեցած մարզային համերգների ժամանակ ունկնդրել է տաղանդավոր ջութակահար երեխաներին և զարմացած է, թե որքան մեծ ձգտում ունեն և ինչ պատրաստակամությամբ են պարապում. «Մեր երեխաների մոտ մեծ ներուժ կա, և իմ նպատակներում Հայաստանում ջութակի դպրոց հիմնելու ծրագրեր կան»:

Նշենք, որ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ իրականացվող Երևանյան 17-րդ միջազգային երաժշտական փառատոնն Ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի 100-ամյակին նվիրված միջոցառումների առանցքային իրադարձությունն է: