ՀՀ կառավարության այսօրվա նիստում քննարկվել և հավանության է արժանացել Վաղարշապատի մարզադաշտի և ֆուտբոլային ակադեմիայի ենթակառուցվածքների զարգացման ներդրումային ծրագիրը:

Ծրագրի շրջանակում հաստատվել է «Իմեջին Երևան» ՍՊԸ-ին ուղղակի վաճառքի ձևով հողամասի օտարման մասին նախագիծը:

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, զեկուցելով հարցը, նշել է, որ նախագիծն ամբողջությամբ բխում է ՀՀ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտների 2024-2030 թվականների զարգացման ռազմավարությունից, որտեղ ամրագրված է նաև ֆուտբոլի զարգացման ուղղությամբ հստակ քայլեր ձեռնարկելու պահանջը: Նախարարը հատկապես կարևորել է այն հանգամանքը, որ սպորտային ենթակառուցվածքների ստեղծման ուղղությամբ, բացի պետության կողմից կատարվող ներդրումներից, նկատելի է նաև մասնավոր հատվածի հետաքրքրվածությունը:

«Նախագծով նախատեսվում է հաստատել «Նոա» ֆուտբոլային ակումբը ներկայացնող «Իմեջին Երևան» ընկերության կողմից ներկայացված Վաղարշապատի մարզադաշտի և ֆուտբոլային ակադեմիայի ենթակառուցվածքների զարգացման՝ ավելի քան 7 միլիարդ դրամ արժեքով ներդրումային ծրագիրը: Դրա շրջանակում նախատեսվում է Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքի Էջմիածին քաղաքի վարչական սահմաններում արդեն իսկ ընկերության սեփականությունը հանդիսացող 5.5 հեկտար մակերես զբաղեցնող հողամասում, ինչպես նաև համայնքին պատկանող և այս որոշմամբ ուղղակի վաճառքով օտարվող 23.8 հեկտար մակերեսով հողամասում զարգացնել նոր ենթակառուցվածքներ։ Ընկերության սեփականությունը հանդիսացող հողամասը նախկինում եղել է Վաղարշապատի ֆուտբոլի ակադեմիան»,- նշել է Ժաննա Անդրեասյանը:

Մասնավորապես՝ նախատեսվում է ունենալ նոր ենթակառուցվածքներով ու մարզական գույքով հագեցած, ժամանակակից միջազգային չափանիշներին համապատասխանող սպորտային համալիր, որտեղ կգործեն ֆուտբոլային մարզադաշտ, սպորտային բազա և ֆուտբոլային ակադեմիա։

Ներդրումային ծրագիրը նախատեսվում է իրականացնել երկու փուլով՝ մինչև 2030 թվականը: Նախատեսվում է վերակառուցել, արդիականացնել Վաղարշապատի ֆուտբոլի ակադեմիան՝ այն համապատասխանեցնելով միջազգային լավագույն չափորոշիչներին։

«Ֆուտբոլային ակադեմիայի ստեղծումը հարակից բնակավայրերի երեխաներին հնարավորություն կտա ներգրավվել մանկապատանեկան սպորտում: Ընկերության կողմից միջազգային մասնագետների ներգրավումը մանկապատանեկան ֆուտբոլային կրթության որակական նոր չափանիշ է սահմանելու: Ներդրումային ծրագրի իրագործման փուլում նախատեսվում է ստեղծել լրացուցիչ 100 աշխատատեղ՝ միջինում 380.000 ՀՀ դրամ աշխատավարձով: Նախագծային թիմի ընտրության նպատակով դիտարկվել են ֆուտբոլային ենթակառուցվածքների նախագծման հարուստ փորձ ունեցող ճարտարապետական ընկերություններ, օրինակ՝ Մեծ Բրիտանիայից (Populous) և Գերմանիայից (GMP), ինչի արդյունքում մեր երկիրը նաև միջազգային մրցաշարեր անցկացնելու ավելի լայն հնարավորություններ կունենա»,- ասել է նախարարը։

Նա նաև տեղեկացրել է՝ Հայաստանի և Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիաները 2029 թվականի աշխարհի մինչև 20 տարեկանների առաջնությունը երկու երկրներում հյուրընկալելու համատեղ հայտ են ներկայացրել, որի շրջանակում պետությունը ենթակառուցվածքների զարգացման հստակ քաղաքականություն է վարում: Մասնավորապես՝ հունգարական նախագծող մասնագիտացված ընկերության հետ իրականացվում է Վանաձորի մարզադաշտի նախագիծը, ըստ որի՝ ստեղծվելու է ՈՒԵՖԱ-ի չորրորդ դասի մարզադաշտ՝ հյուրընկալելու միջազգային մակարդակի խաղերը:

«Ունենք պայմանավորվածություն, որ այս նախագծային աշխատանքից հետո կքննարկենք այլ տարածքներում ևս այդ նախագիծը տեղակապելու հնարավորությունը, որպեսզի ևս մեկ նմանատիպ մարզադաշտ ունենանք»,- հավելել է նախարարը։ Անդրադառնալով ակադեմիական քաղաքում ազգային մարզադաշտի կառուցմանը՝ նա ընդգծել է, որ լուրջ ներդրումային հետաքրքրվածություն կա. առաջիկայում նախագծային հստակեցումներ կլինեն:

Թեմայի շրջանակում Ժաննա Անդրեասյանը նաև նշել է, որ սպորտային ենթակառուցվածքները հանդիսանում են նաև դպրոցաշինության գործընթացի պարտադիր բաղադրիչը:

«Նորակառույց բոլոր դպրոցներում, տարածքի հնարավորության դեպքում, անպայման նախատեսվում են ֆուտբոլային դաշտեր»,- ասել է նախարարը՝ ընդգծելով ֆուտբոլի նկատմամբ երեխաների շրջանում հետաքրքրության աճի կարևորությունը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարևորել է նախագծի իրագործումը՝ շեշտելով, որ ՀՀ բոլոր համայնքներում ֆուտբոլային դաշտեր ունենալու և մարզաձևը խրախուսելու նպատակով պետությունը համապատասխան աշխատանքներ է իրականացնում տարբեր բնակավայրերում: