ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Տերյան մշակութային կենտրոնը շարունակում է «Ֆրանսիական ռիթմեր՝ նվիրված Ազնավուրի հիշատակին» մշակութային նախաձեռնությունը՝ ընդլայնելով աշխարհագրությունը։

Ստրասբուրգում և Գյումրիում հաջողությամբ իրականացված միջոցառումներից հետո ծրագիրն անցկացվել է Վրաստանում՝ արժանանալով հանդիսատեսի և մասնագիտական հանրության ջերմ արձագանքին:

Հաջորդաբար՝ սեպտեմբերի 18-ին, «Ֆրանսիական ռիթմեր՝ նվիրված Ազնավուրի հիշատակին» ծրագիրն իրականացվում է Չեխիայում՝ շարունակելով մշակույթների համադրման առաքելությունը, ներկայացնելով հայ և ֆրանսիացի արվեստագետների ստեղծագործական համագործակցությունը:

Ծրագրի նպատակն է ստեղծել միջմշակութային համագործակցության նոր հարթակ, խթանել հայկական ժամանակակից նորաձևության միջազգային ճանաչումը, աջակցել ինքնազբաղ արվեստագետների ստեղծագործական գործունեությանը ու ներկայացնել նորարարական լուծումներ՝ մշակութային ներկայացումների շրջանակում։

Ցուցադրությունը միավորում է հայ և ֆրանսիացի մասնագետների փորձը, արտահայտում ֆրանսիական մշակութային մոտեցումները՝ միաժամանակ արտացոլելով ժամանակակից հայկական ոճաբանության ինքնատիպ լուծումները։

Նախաձեռնությունը հարգանքի տուրք է մշակութային բազմազանությանը և արվեստի համամարդկային արժեքներին՝ հյուսելով բարեկամության կամուրջներ Հայաստանի, Ֆրանսիայի, Վրաստանի և այժմ արդեն նաև Չեխիայի միջև։