ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարիտիրոսյանը ներկա է եղել Հայաստանում ֆրանսիական համալսարանի՝ 2025 թ․ շրջանավարտների դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությանը:

Արթուր Մարտիրոսյանը շնորհավորել է շրջանավարտներին՝ հույս հայտնելով, որ ձեռք բերած գիտելիքները և հմտությունները լավագույնս կծառայեն հետագա մասնագիտական կամ գիտական արդյունավետ գործունեությանը՝ ի նպաստ պետության, համայնքի և հասարակության։

Նա շնորհավորել է նաև բուհի հիմնադրման 25-ամյակի առիթով՝ ընդգծելով, որ Հայաստանում ֆրանսիական համալսարանն արդեն դարձել է Հայաստան-Ֆրանսիա միջպետական համագործակցության և երկու ժողովուրդների միջև շփումների զարգացման կարևոր հարթակ:

«Հայաստանում ֆրանսիական համալսարանը շարունակում է մնալ բարձրագույն կրթության և գիտության ոլորտներում ԿԳՄՍ նախարարության նախաձեռնած բարեփոխումների ակտիվ մասնակիցը և գործընկերը՝ նպաստելով Հայաստանում միջազգային չափանիշներին համապատասխանող որակյալ կրթական համակարգի ձևավորմանը»,- ասել է Արթուր Մարտիրոսյանը՝ նշելով, որ պետության առաջնահերթություններից են մատուցվող կրթական ծառայությունների միջազգային մրցունակության խթանումը, կրթության բովանդակության արդիականացումը, ինչպես նաև բուհերում ուսումնական գործընթացի, հետազոտության և արտադրության միջև ցանցային սերտ համագործակցության ապահովումը։

Անդրադառնալով ձեռքբերումներին՝ նախարարի տեղակալն առանձնակի շեշտել է տարեսկզբին Հայաստանի ազգային ագրարային համալսարանի և Հայաստանում ֆրանսիական համալսարանի միջև ստորագրված հուշագիրը, որի նպատակն է բարձրացնել ՀՀ-ում ագրարային ոլորտի կրթության որակն ու միջազգային մրցունակությունը։

Արարողությանը ներկա են եղել Ֆրանսիայի դեսպանության համագործակցության և մշակութային գործունեության հարցերով խորհրդական Քսավիե Ռիշարը, ֆրանկոֆոն երկրների դեսպաններ, ՀՖՀՀ-ի դասախոսական և վարչական անձնակազմի ներկայացուցիչներ, համալսարանի գործընկեր կառույցների անդամներ:

Բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերով Հայաստանում ֆրանսիական համալսարանն այս տարի ունի 450-ից ավելի շրջանավարտ: