ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և «Արհեստագործների միություն» մշակութային հիմնադրամի նախաձեռնությամբ «Գաֆէսճեան» քանդակների պարտեզում («Կասկադ» համալիր) անցկացվել է «Իմ ձեռագործ Հայաստան» խորագրով փառատոնը, որը դարձել է ոչ նյութական մշակութային ժառանգության ոլորտի կարևոր իրադարձություններից մեկը։
Միջոցառումը նորովի ներկայացրել է հայկական ոչ նյութական մշակութային ժառանգության բազմազան դրսևորումները՝ գորգագործությունը, ասեղնագործությունը, խեցեգործությունը, քարագործությունը, փայտի գեղարվեստական մշակումը, գոբելենը, տիկնիկագործությունը, զարդարվեստը, տարազը և այլն։

Փառատոնն այս տարի համախմբել է ավելի քան 70 վարպետների Հայաստանի տարբեր մարզերից և Վրաստանից, որոնք ներկայացրել են ինչպես ավանդական, այնպես էլ ժամանակակից մոտեցումներով ստեղծված յուրօրինակ աշխատանքներ։

Առանձնահատուկ ուշադրության է արժանացել վրացի վարպետների մասնակցությունը, որոնք ներկայացնում էին Վրաստանի արհեստագործների միությունը։ Նրանց աշխատանքներն ընդգրկում էին խեցեգործական նրբագեղ նմուշներ, զարդեր և հուշանվերներ, որոնք ընդգծում էին վրացական ավանդույթների ինքնատիպությունը։ Բացի ցուցադրությունից՝ վրացի մասնակիցներն անցկացրել են նաև վարպետության դասեր, որոնք մեծ հետաքրքրություն են առաջացրել այցելուների շրջանում։

Փառատոնի գունեղ պահերից էր հայկական և վրացական ազգային տարազների համադրությամբ ցուցադրությունը, որտեղ հանդիսատեսը հնարավորություն է ունեցել տեսնելու երկու ժողովուրդների ավանդական հագուստների գունային և ոճային հարուստ բազմազանությունը։

«Իմ ձեռագործ Հայաստան» փառատոնը ոչ միայն կարևոր հարթակ է ժողովրդական արվեստի և արհեստների պահպանման ու տարածման համար, այլև նպաստում է միջմշակութային համագործակցության խորացմանը և տարածաշրջանային փորձի փոխանակմանը: