Դպրոցականների շրջանում հեծանվային սպորտի և առողջ ապրելակերպի մասսայականացման, ֆիզկուլտուրայի և սպորտի քարոզչության նպատակով սեպտեմբերի 13-ին Գեղարքունիքի մարզում՝ Սևանա լճի թերակղզուց դեպի Շողակաթ բնակավայր` 40 կմ ճանապարհահատվածում, անցկացվել է «ՀՀ վարչապետի գավաթ» խճուղային հեծանվավազքի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլը:

Մրցաշարին հետևել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը, Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը: Նիկոլ Փաշինյանը մասնակցել է նաև հեծանվավազքին՝ մասնակից աշակերտներին հեծանիվով ուղեկցելով մեկնարկից մինչև եզրագիծ:

Մրցաշարն անցկացվել է 2 տարիքային խմբերով. մասնակցել են ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատությունների 7-9-րդ և 10-12-րդ դասարանների աշակերտներից կազմված հավաքական թիմերը. 1-ին տարիքային խումբ՝ 7-9-րդ դասարանների աշակերտներ (թիմի կազմում՝ 1 տղա, 1 աղջիկ և 1 ֆիզկուլտուրայի ուսուցիչ), 2-րդ տարիքային խումբ՝ 10-12-րդ դասարանների աշակերտներ (թիմի կազմում՝ 2 տղա, 2 աղջիկ և 1 ֆիզկուլտուրայի ուսուցիչ):
Մրցաշարի նախնական փուլերին այս տարի մասնակցել է 940 դպրոցի 4214 աշակերտ:

7-9-րդ դասարանցիների պայքարում երրորդ տեղը գրավել է Տավուշի մարզի Սևքարի միջնակարգ դպրոցի թիմը, երկրորդ տեղը զբաղեցրել է Կոտայքի մարզի Ակունքի միջնակարգ դպրոցի թիմը, իսկ հաղթողի կոչմանը լրացուցիչ միավորներով արժանացել է Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի Մ․ Մաշտոցի անվան 1-ին հիմնական դպրոցը։ Այս տարիքային խմբի մրցանակակիրներին պարգևատրել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։

10-12-րդ դասարանների պայքարում երրորդ տեղը զբաղեցրել է Շիրակի մարզի Պեմզաշենի միջնակարգ դպրոցի թիմը, երկրորդ տեղը գրավել է Լոռու մարզի Վանաձոր քաղաքի թիվ 5 ավագ դպրոցը, իսկ հաղթողի կոչմանն արժանացել է Կոտայքի մարզի Ակունքի միջնակարգ դպրոցի թիմը։ Այս տարիքային խմբի մրցանակակիրներին պարգևատրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Ողջունելով ներկաներին և շնորհավորելով միջոցառման կայացման առթիվ՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, մասնավորապես, ասել է․ «Դպրոցների համար պետության կողմից ձեռքբերված հեծանիվներն իրենց նպատակին ծառայում են, որովհետև այն, ինչ այստեղ կատարվում է, ընդամենը գագաթնակետն է այն բազմաթիվ հեծանվավազքերի, որոնք այս ընթացքում տեղի են ունեցել և տեղի են ունենում։ Ծրագրի խորքային նպատակը դպրոցականների շրջանում առողջ ապրելակերպը խթանելն, ինչպես նաև բնության, մեր երկրի, մեր պետության, մեր հայրենիքի ամեն քառակուսի մետրի նկատմամբ հոգատար վերաբերմունք սերմանումն է, որը պետք է սկսվի դպրոցից»։

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ևս ողջունել է մրցաշարի մասնակիցներին և շնորհավորել մրցանակային տեղեր զբաղեցրած թիմերին։ Նա ընդգծել է՝ այս տարի դպրոցականները, նախորդ տարվա համեմատ ֆիզիկական պատրաստվածության շատ ավելի լավ վիճակում էին։

«Մեզ համար շատ կարևոր է, որ ֆիզիկական առողջ ակտիվությունը դպրոցներում լինի կենսակերպ, որի ամրապնդմանն են ուղղված այն քայլերը, որոնք իրականացվում են դպրոցական ենթակառուցվածքների բարելավման ուղղությամբ։ Նույն նպատակին են միտված նաև այսօրինակ մրցաշարերը։ Վստահ եմ, որ առիթներ կունենանք դեռևս հանդիպելու, որովհետև այստեղ տեսնում ենք դպրոցներ, որոնք շատ ակտիվ են և մասնակցում են մեր տարբեր մարզաձևերի մրցաշարերին։ Հույս ունեմ, որ այդ օրինակը վարակիչ կլինի նաև մյուս դպրոցների համար՝ մասնակցելու և արդյունքներ գրանցելու առումով»,- ընդգծել է ԿԳՄՍ նախարարը։

Ժաննա Անդրեասյանը նաև շնորհակալություն է հայտնել հետևողական աշխատանքի և ջանքերի համար․ «Այս տարի նաև ավելի փոքր տարիքային խմբի թիմեր ունեինք։ Այն թեթևությունը, որով կրտսեր տարիքի մասնակիցները հաղթահարում էին տարածությունը, վկայում է այն մասին, որ հետևողական աշխատանք է արված տեղերում․ նրանք ամբողջ տարվա ընթացքում պատրաստվել են մրցաշարին։ Այս ամենն առաջին հերթին առողջ ապրելակերպի և ֆիզիկական ակտիվության ցուցանիշներ են»։
Եզրափակիչ փուլին 1-ին, 2-րդ և 3-րդ տեղեր գրաված դպրոցների թիմերը և մասնակիցները կպարգևատրվեն ԿԳՄՍՆ համապատասխան կարգի հավաստագրերով, գավաթով, մեդալներով և դրամական պարգևներով: 1-ին տեղ գրաված դպրոցը կպարգևատրվի 4․000․000 ՀՀ դրամով, 2-րդ տեղը՝ 2․500․000 ՀՀ դրամով, 3-րդ տեղը՝ 1․500․000 ՀՀ դրամով:

Կպարգևատրվեն նաև դպրոցների ֆիզկուլտուրայի ուսուցիչները․ 1-ին տեղ՝ 700․000 ՀՀ դրամ, 2-րդ տեղ՝ 500․000 ՀՀ դրամ և 3-րդ տեղ՝ 300․000 ՀՀ դրամ: Հեծանվավազքի հաղթող թիմերի աշակերտները ևս կպարգևատրվեն դրամական մրցանակներով. 1-ին տեղ՝ 2 մասնակից՝ 150․000-ական ՀՀ դրամ, 2-րդ տեղ՝ 2 մասնակից՝ 100․000-ական ՀՀ դրամ, 3-րդ տեղ՝ 2 մասնակից՝ 75․000-ական ՀՀ դրամ։

«ՀՀ վարչապետի գավաթ» խճուղային հեծանվավազք սիրողական մրցաշարը դպրոցականների համար անցկացվում է երկրորդ անգամ: