ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը Սևանի «Արևիկ» հանգստյան գոտում հանդիպել են «ՀՀ վարչապետի գավաթ» խճուղային հեծանվավազքի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլի մասնակից դպրոցականների, ֆիզկուլտուրայի ուսուցիչների հետ: Ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը:

Մրցաշարը դպրոցականների համար անցկացվում է երկրորդ անգամ: Խարույկի շուրջ զրույցի ընթացքում մրցաշարի մասնակիցները շնորհակալություն են հայտնել նմանօրինակ միջոցառումների անցկացման համար և կիսվել մրցումների կազմակերպման ու անցկացման վերաբերյալ իրենց տպավորություններով: Նշվել է, որ դպրոցականների շրջանում բավականին մեծ է հետաքրքրվածությունը հեծանվային սպորտի մասսայականացմանն ուղղված այս մրցաշարի նկատմամբ:
Նիկոլ Փաշինյանը բոլորին մաղթել է հաջողություն և հորդորել շարունակել զբաղվել սպորտով:

Մրցաշարն անցկացվում է 3 փուլով: Համայնքային փուլում դպրոցականները հաղթահարել են 25 կմ, մարզային փուլում՝ 30 կմ մրցատարածություն: Եզրափակիչ փուլին կմասնակցեն մարզային փուլում 1-ին տեղերը գրաված դպրոցների կամ վարժարանների հավաքական թիմերը. յուրաքանչյուր մարզից ընդամենը 6 աշակերտ, ֆիզկուլտուրայի 2 ուսուցիչ և յուրաքանչյուր մարզից 1 ներկայացուցիչ: Մրցաշարի նախնական փուլերին այս տարի մասնակցել է 940 դպրոցի ավելի քան 4200 աշակերտ:
Եզրափակիչը կանցկացվի սեպտեմբերի 13-ին Գեղարքունիքի մարզում՝ Սևանա լճի թերակղզուց դեպի Շողակաթ բնակավայր գտնվող 40 կմ ճանապարհահատվածում: