Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Լոռու, Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի մի շարք ուսումնական հաստատություններ՝ ծանոթանալու իրականացված և ընթացքի մեջ գտնվող ծրագրերին: Վարչապետին ուղեկցել են փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, պաշտոնատար այլ անձինք։
Վարչապետի առաջին կանգառը եղել է Դեբեդի նորակառույց «Հարություն և Սյուզան Մանգոյանների» անվան միջնակարգ դպրոցում: Պաշտոնյաները շրջել են դպրոցում, ծանոթացել իրականացված աշխատանքներին և ստեղծված պայմաններին: Ծրագրի արժեքը 780 մլն դրամ է, որը հատկացրել է «Հայաստանի մանուկներ» հիմնադրամը (ՔՈԱՖ): Դպրոցի գույքը հատկացրել է Կառավարությունը: Առաջիկայում պետության ֆինանսավորմամբ դպրոցում կկառուցվի նաև մարզադահլիճ: Դպրոցը նախատեսված է 192 աշակերտի համար: 2025թ. դրությամբ փաստացի սովորողների թիվը 114 է։ Աշխատանքները մեկնարկել են 2024թ. ապրիլին, ավարտվել 2025թ. սեպտեմբերի 1-ին: Վարչապետը շնորհավորել է ներկաներին դպրոցի բացման առիթով և շնորհակալություն հայտնել Մանգոյան ընտանիքին, «Հայաստանի մանուկներ» հիմնադրամին, բոլոր բարերարներին, որոնք ներդրում են ունեցել դպրոցի կառուցման գործում:
Նիկոլ Փաշինյանի հաջորդ կանգառը եղել է Վանաձորի թիվ 8 հիմնական դպրոցում, որտեղ իրականացվել են հիմնանորոգման աշխատանքներ: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է 245 մլն դրամ, որը հատկացրել է Կառավարությունը: Դպրոցը նախատեսված է 358 աշակերտի համար: Վերանորոգման աշխատանքները նախատեսվում է ավարտին հասցնել հոկտեմբեր ամսին: Դպրոցն ընդգրկված է Կառավարության «Մինչև 2026 թվականը կառուցվող, հիմնանորոգվող կամ վերակառուցվող 300 դպրոցների» ծրագրում։
Հաջորդիվ Վարչապետն այցելել է Վանաձորի թիվ 9 հիմնական դպրոց, որտեղ նույնպես իրականացվել են հիմնանորոգման աշխատանքներ: Վերջինիս համար պետբյուջեից հատկացվել է ավելի քան 140 մլն դրամ: Դպրոցը նախատեսված է 183 աշակերտի համար։ Այս դպրոցը ևս ընդգրկված է Կառավարության «Մինչև 2026 թվականը կառուցվող, հիմնանորոգվող կամ վերակառուցվող 300 դպրոցների»ի ծրագրում: Վանաձորի N9 հիմնական դպրոցում կառուցվել է նաև նոր մարզադահլիճ: Ծրագրի նպատակով Կառավարությունը հատկացրել է 224 մլն դրամ։
Կոտայքի մարզում Վարչապետն այցելել է Հրազդանի թիվ 2 հիմնական նորակառույց դպրոց: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է շուրջ 1 մլրդ 912 մլն դրամ: Ծրագիրն իրականացվել է Ասիական զարգացման բանկի Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրով և ՀՀ Կառավարության համաֆինանսավորմամբ: Նորակառույց դպրոցը նախատեսված է 432 աշակերտի համար: Շինաշխատանքները մեկնարկել էին 2021թ. նոյեմբերին, ավարտվել 2025թ. օգոստոսին: Դպրոցն ընդգրկված է Կառավարության «Մինչև 2026 թվականը կառուցվող, հիմնանորոգվող կամ վերակառուցվող 300 դպրոցների» ծրագրում։
Հրազդան համայնքում Նիկոլ Փաշինյանն այցելել է նաև «մոդուլային» տիպի 144 տեղ հզորությամբ մսուր-մանկապարտեզ, որտեղ շինաշխատանքներն ավարտական փուլում են: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 929 մլն դրամ, միջոցները տրամադրվել են ՀՀ պետբյուջեից:
Գեղարքունիքի մարզում Նիկոլ Փաշինյանն այցելել է Ջիլի նորակառույց միջնակարգ դպրոց, ծանոթացել իրականացված աշխատանքներին և ստեղծված պայմաններին: Դպրոցի կառուցման արժեքը կազմում է ավելի քան 1 մլրդ 397 մլն դրամ, որը հատկացրել է Կառավարությունը: Ծրագրի իրականացման արդյունքում կառուցվել է նոր մոդուլային դպրոց և նախակրթարան՝ 20 տեղ-հզորությամբ։ Ծրագիրը մեկնարկել է 2021թ., ավարտվել 2025թ.: