ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ սեպտեմբերի 21-ից Հայաստանի պատմության թանգարանում կգործի «Սրբազան երկխոսություն Լուվրից Հայաստանի պատմության թանգարան» խորագրով աննախադեպ միջազգային ցուցահանդեսը։

Ցուցահանդեսը բացվելու է ՀՀ անկախության տոնին, որը խորհրդանշական է Հայաստանի՝ որպես առաջինը քրիստոնեությունը պետականորեն ընդունած և քրիստոնեական արժեհամակարգ ունեցող երկրի համար։

Այս բացառիկ ցուցահանդեսի շրջանակում առաջին անգամ Հայաստանում կցուցադրվեն Լուվրի թանգարանի հավաքածուներից 16 ուշագրավ ցուցանմուշներ, որոնք կհամադրվեն Հայաստանի պատմության թանգարանի երկու տասնյակից ավելի արժեքավոր թանգարանային առարկաների հետ։ Առանձնակի է ներկայացվելու Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից փոխառված Սուրբ Բարդուղիմեոս առաքյալի մասունքարանը։

Երկու հավաքածուների համատեղ ցուցադրությունը նպատակ ունի ընդգծելու Հայաստանի և քրիստոնյա Արևելքի գեղարվեստական ժառանգության ամբողջ հարստությունն ու բազմազանությունը։

Յուրատեսակ ցուցադրական միջավայրում ներկայացվող այս հավաքածուները ոչ միայն համաքրիստոնեական հոգևոր մշակույթի, այլև համաշխարհային մշակութային ժառանգության իսկական գլուխգործոցներ են։

Ցուցահանդեսով սկիզբ է դրվելու Հայաստանի պատմության թանգարանի և Լուվրի թանգարանի համագործակցության նոր ձևաչափին, որի հիմքն անցած տարի երկու հաստատությունների միջև կնքված հուշագիրն է: Ցուցադրությունն իրականացվում է Հայաստանի պատմության թանգարանի և Լուվրի թանգարանի համագործակցությամբ: Այն կգործի մինչև 2026 թվականի մարտի 21 -ը։