ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի՝ ուսուցիչների հետ հերթական հանդիպմանը քննարկվել են հանրակրթության ոլորտի բարեփոխումների ընթացքին վերաբերող մի շարք հարցեր:

Մանկավարժները, մասնավորապես, անդրադարձել են կամավոր ատեստավորմանը՝ ներկայացնելով գործընթացի վերաբերյալ դիտարկումներ։ Նախարարը նշել է, որ տարեցտարի թեստային առաջադրանքները բարելավվում են՝ հիմք ընդունելով նաև ուսուցիչների առաջարկները։ Նա նաև հիշեցրել է՝ կամավոր ատեստավորման այս տարվա հայտերի ընդունելությունն այժմ ընթացքի մեջ է. այն կավարտվի սեպտեմբերի 30-ին։

Կարևորելով դպրոցներում նախագծային աշխատանքի իրականացումը՝ քննարկվել են դրա կազմակերպման արդյունավետության բարձրացման հնարավոր ուղիները՝ շեշտադրելով առավելապես բովանդակության ապահովումը:

Հանդիպմանն անդրադարձ է եղել «Տեխնոլոգիա» առարկայի շրջանակում աշակերտների համաչափ ինտեգրմանն ու դրա նկատմամբ հետաքրքրության աճին: Այս հարցում նախարար Ժաննա Անդրեասյանը հատկապես կարևորել է դպրոցի դերը՝ նշելով, որ այնտեղ պետք է ձևավորվի գաղափարական առաջընթացի և կարծրատիպերից զերծ միջավայր:

Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել ուսուցիչներին բարձրացրած հարցերի համար՝ շեշտելով, որ լուծումները գտնելու առաջին քայլը խնդիրների մասին խոսելն է՝ դրանք շահագրգիռ կողմերի հետ քննարկելով:

Նշենք, որ ուսուցիչների հետ հանդիպման գործընթացը լինելու է շարունակական՝ յուրաքանչյուր հինգշաբթի: Դիմելու հնարավորություն ունեն ոչ միայն գործող ուսուցիչները, այլև այն քաղաքացիները, որոնք նախկինում աշխատել են որպես ուսուցիչ, ունեն համապատասխան որակավորում կամ պարզապես ցանկություն ունեն զբաղվելու մանկավարժական գործունեությամբ։

Ընդունելությանը մասնակցելու համար անհրաժեշտ է հերթագրվել՝ լրացնելով դիմում-հայտ կից հղմամբ՝ https://shorturl.at/jIYiT: