ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում ընդունել է «Որպես նվիրաբերություն գույք ընդունելու, ամրացնելու և անհատույց օգտագործման իրավունքով տրամադրելու մասին» 3 որոշում:
Հարցը զեկուցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը: Նրա խոսքով՝ որոշումների ընդունումը բխում է Կառավարության՝ սպորտի ոլորտում որդեգրած ռազմավարությունից, որի նպատակն է զարգացնել սպորտային ենթակառուցվածքները, գնահատել և ճանաչելի դարձնել անվանի մարզիկների փորձը և վաստակը՝ խրախուսելով երեխաների՝ սպորտով զբաղվելու ցանկությունը:
«Նախատեսվում է, որ պետությունը որպես նվիրաբերություն ընդունում է գույք, ամրացնում և անհատույց օգտագործման իրավունքով տրամադրում է այն, որպեսզի իրականացվի մարզակառույցների կառուցումը և հետագա շահագործումը»,-ասել է նախարարը։
Ամբողջական փաթեթը վերաբերում է երեք մարզակառույցների. առաջինը հանրաճանաչ բռնցքամարտիկ Վախթանգ (Վիկ) Դարչինյանի բռնցքամարտի ուղղվածությամբ մարզակառույցն է, որը պետք է կառուցվի Վանաձորում։ Վանաձորում այս մարզակառույցի կառուցման նպատակով նվիրաբերվում է 3 հողամաս, որոնք սեփականության իրավունքով պատկանել են Վախթանգ Դարչինյանին, հանրահայտ ծանրորդ Յուրի Սարգսյանին և ըմբիշ Ստեփան Սարգսյանին։
«Մեր երեք մարզիկների գույքի նվիրաբերման արդյունքում հնարավորություն ենք ստանում Վանաձորում կառուցել բռնցքամարտի ժամանակակից և արդիական համալիր։ Միևնույն ժամանակ մեր մյուս երկու մարզիկների անունով մարզակառույցների հետ կապված աշխատանքներն ենք պլանավորում: Մասնավորապես՝ Ստեփան Սարգսյանի անվամբ ըմբշամարտի մարզակառույց կկառուցենք հենց իր ծննդավայրում՝ Լոռու մարզի Թումանյան համայնքի Շամուտ բնակավայրում»,-ասել է նախարարը՝ տեղեկացնելով, որ կատարվել է նախընթաց աշխատանք, մասնավորապես՝ մարզակառույցի համար հատկացված հողատարածքի նպատակային նշանակությունը փոխվել է, որը կառուցապատում իրականացնելու հնարավորություն է ընձեռում: Բացի այդ՝ ավագանու որոշմամբ նվիրաբերություն արդեն կատարվել է:
Ծանրորդ, Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, աշխարհի և Եվրոպյի կրկնակի չեմպիոն Յուրի Սարգսյանի ծննդավայրում՝ Արմավիրի մարզի Խոյ համայնքի Գեղակերտ բնակավայրի ծանրամարտի մարզադպրոցում, որտեղ մարզվել է հայտնի մարզիկը, կիրականացվեն վերակառուցման և բարեկարգման աշխատանքներ:
«Գեղակերտում կհիմնանորոգենք գոյություն ունեցող մարզադպրոցը։ Ընդ որում՝ քանի որ մարզադպրոցը հանդիսացել է «Սևան» գյուղական մարզական ՀԿ-ի սեփականությունը, ՀԿ-ի նախագահության որոշմամբ այն նվիրաբերվել է ՀՀ-ին, ինչը նշանակում է, որ մարզադպրոցը կհիմնանորոգենք և այնուհետև անհատույց օգտագործման կտրամադրենք Սևան մարզական կազմակերպությանը՝ մարզադպրոցի աշխատանքները կազմակերպելու համար»,- նշել է Ժաննա Անդրեասյանը։
ԿԳՄՍ նախարարի տեղեկացմամբ՝ Վանաձորում և Շամուտում կառուցվող մարզական կառույցները կհատկացվեն Սպորտի կառավարման կենտրոնին, որը ԿԳՄՍՆ սպորտի ոլորտի միասնական կառավարիչն է: Այս որոշումից հետո կկազմվեն նվիրաբերության պայմանագրերը, կիրականացվեն գույքի հանձնում-ընդունումը և կառույցների նախագծումը:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարևորել է որոշումների ընդունումը՝ շեշտելով, որ Կառավարությունն արժևորում է սպորտային ժառանգությունը. «Մարդկանց վաստակը, Հայաստանին մատուցած ծառայությունները կարող են հիշվել հոբելյանից հոբելյան, որը լավ է և կարվի: Իսկ այս դեպքում մենք ունենում ենք մի շարք հայտնի սպորտսմենների՝ Վիկ Դարչինյանի, Ստեփան Սարգսյանի, Սիմոն Մարտիրոսյանի անվան դպրոցներ. վերջինն արդեն գործում է: Արթուր Աբրահամի անվան դպրոցը կառուցվում է, Ալբերտ Ազարյանի անվան դպրոցի հիմնարկեքը վերջերս կատարվեց, Հրանտ Շահինյանի անվան դպրոցը շուտով շահագործման կհանձնվի, Արթուր Ալեքսանյանի անվան դպրոցը դեռևս կառուցվում է»,- նշել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ շեշտելով հայտնի մարզիկների վաստակի և ավանդի գնահատման կիրառական նշանակությունը:
Հարցի քննարկման ընթացքում Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է, որ ԿԳՄՍ նախարարությունն իրականացրել է ամբողջական հետազոտություն՝ հանրության շրջանում առողջ ապրելակերպի և սպորտով զբաղվելու վարքականոնի վերաբերյալ. «Սպորտի ռազմավարության համաձայն՝ այդպիսի տվյալների հավաքագրումը պետք է դարձնենք ամենամյա, որպեսզի կարողանանք զուգահեռ հետևել և տեսնել՝ ինչպես է փոխվում հանրային վարքականոնը ենթակառուցվածքների զարգացմանը զուգընթաց: Եվ կարծում եմ, որ այս համալիր գործողությունները իսկապես կտան արդյունք, հատկապես որ միջազգային մրցաշարերում մեր մարզիկներն այս տարի արդեն 214 մեդալ են նվաճել, որը նախորդ տարվա այս ժամանակահատվածի համեմատ ավելի է 17 մեդալով»:
Արձագանքելով՝ Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը հայտնել է, որ Արթուր Աբրահամի դպրոցի նախագծման աշխատանքներն ամբողջությամբ ավարտվել են։
«Արթուր Աբրահամը հետևել է նախագծման ամբողջ ընթացքին, և իր աջակցությամբ նախագծում ներդրվել է միջազգային լավագույն փորձը՝ եվրոպական երեկրների օրինակով։ Կառույցը կազմված է լինելու մեկ ստորգետնյա և երեք վերգետնյա հարկերից, ունենալու է շուրջ 5400 քմ տարածք, որում ներառված են լինելու և՛ ըմբշամարտի, և՛ բռնցքամարտի դահլիճներն իրենց բոլոր ենթակառուցվածքներով, մարզիկների համար անհրաժեշտ՝ միջազգային չափանիշներին համապատասխան ենթակառուցվածքներով։ Լինելու են ընդհանուր խաղային մարզաձևերի, ուժային մարզումների դահլիճներ։ Արդեն հայտարարվել է շինարարական աշխատանքների ձեռքբերման մրցույթ»,- ասել է Քաղաքաշինության կոմիտեի նախագահը և հավելել՝ ավարտական փուլում են Մալխաս և Ռոման Ամոյանների մարզադպրոցի նախագծման աշխատանքները: