ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանն ընդունել է Վ. Խանամիրյանի անվան Հայաստանի պարարվեստի գործիչների միության անդամներին՝ նախագահ Գագիկ Մխիթարյանի գլխավորությամբ:

ԿԳՄՍ նախարարության նախաձեռնությամբ ՀՀ մարզերում և Երևանում Պարի միջազգային օրը՝ ապրիլի 29-ին, անցկացվել էր պարին նվիրված հանրային արշավ՝ ֆլեշմոբի ձևաչափով: Արշավը, մասնավորապես, կայացել է Վ. Խանամիրյանի անվան Հայաստանի պարարվեստի գործիչների միության պարային խմբերի մասնակցությամբ:

Պարի միջազգային օրվա շրջանակում պարարվեստը հանրահռչակելու և ազգային պարերը խրախուսելու նպատակով իրականացված ֆլեշմոբին մասնակցելու կապակցությամբ նշյալ պարային խմբերը խրախուսվել են ԿԳՄՍ նախարարության շնորհակալագրով:

Նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը շնորհակալություն է հայտնել պարուսույցներին մասնագիտական գործունեության և պարարվեստի զարգացմանը նպաստելու ջանքերի համար:

«Դուք հայրենանվեր գործ եք անում՝ պահպանելով և երեխաների շրջանում սիրելի դարձնելով հայկական պարը՝ այդպիսով զարգացնելով նաև պարարվեստը»,- ասել է Դանիել Դանիելյանը:

Նա նաև շեշտել է, որ արդեն իսկ պետք է պատրաստվել հաջորդ տարվա Պարի միջազգային օրվան և աշխատանք տանել առավել լայն շրջանակների ներգրավման ուղղությամբ:

Ներկաները շնորհակալություն են հայտնել ընդունելության և գնահատանքի համար՝ միաժամանակ պատրաստակամություն հայտնելով շարունակելու համատեղ ծրագրերի իրականացումը:

Դանիել Դանիելյանը կոչ է արել ակտիվորեն ներգրավվել սոցիալական կրեդիտի և եկամտային հարկի փոխհատուցման գործընթացում՝ այդպիսով նպաստելով նաև ոլորտի նկատմամբ հետաքրքրության աճին: Նա նաև ներկայացրել է մշակութային գործիչների խրախուսման ծրագիրը, համաձայն որի՝ միջազգային հարթակներում արդյունքներ գրանցելու դեպքում պետությունը դրամական խրախուսում է հատկացնում արվեստագետներին:

Հանդիպման շրջանակում քննարկվել են նաև ոլորտի կարգավորմանը վերաբերող մի շարք հարցեր, այդ թվում՝ պարային խմբերի՝ լիցենզիա ունենալու անհրաժեշտության, միասնական առարկայական ծրագրերի մշակման, պարարվեստի զարգացման և այլնի վերաբերյալ: