ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը շարունակել է հանրակրթական ուսումնական հաստատություններ չնախատեսված այցերը՝ նոր ուսումնական տարում դասերի կազմակերպման ընթացքին և առկա խնդիրներին ծանոթանալու նպատակով:
ԿԳՄՍ նախարարի տեղակալն այսօր այցելել է Կոտայքի տարածաշրջանային պետական քոլեջ, ապա Հրազդանի Լևոն Խեչոյանի անվան թիվ 10 ավագ և Վիլյամ Սարոյանի անվան թիվ 11 հիմնական դպրոցներ:
Կոտայքի տարածաշրջանային պետական քոլեջում ԿԳՄՍ նախարարի տեղակալը՝ քոլեջի տնօրեն Քրիստինե Հակոբյանի ուղեկցությամբ, շրջել է լսարաններում, ծանոթացել ենթակառուցվածքային պայմաններին, գույքային հագեցվածությանն ու զրուցել սովորողների հետ: Քոլեջն ավելի քան 700 ուսանող ունի. 2025/26 ուսումնական տարում հաստատություն է ընդունվել շուրջ 230 դիմորդ: Նրանց շրջանում մեծ հետաքրքրություն են վայելել դիզայն, քույրական գործ, դեղագործություն, ատամնատեխնիկական գործ, ինչպես նաև հաշվապահապական հաշվառում և ծրագրավորում մասնագիտությունները:
Նախարարի տեղակալը հատուկ շեշտել է, որ «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» նոր օրենքով առանձնահատուկ տեղ է տրված աշխատանքի վրա հիմնված կրթությանը։ Այս մոդելը հնարավորություն է տալիս ուսանողներին համատեղելու տեսական ուսուցումն ու գործնական փորձը, որը կարևոր է աշխատաշուկայի պահանջներին համապատասխան հմտություններ ստանալու տեսանկյունից։ Նրա ընդգծմամբ՝ գործատուների հետ համագործակցության խորացումը կարևոր է, քանի որ այն ապահովում է ուսանողների արագ ինտեգրումը մասնագիտական ոլորտ, իսկ շրջանավարտները դառնում են մրցունակ՝ պատրաստ լինելով ներգրավվելու աշխատաշուկայում։
Հաջորդիվ ԿԳՄՍ նախարարի տեղակալն այցելել է Հրազդանի Լևոն Խեչոյանի անվան թիվ 10 ավագ դպրոց, ծանոթացել շենքային և գույքային պայմաններին, ինչպես նաև զրուցել սովորողների հետ: Արաքսիա Սվաջյանն ավագ դպրոցի աշակերտների հետ խոսել է մասնագիտական խմբակների, մասնագիտական կողմնորոշման հնարավորությունների, ինչպես նաև հանրակրթության պետական նոր չափորոշչով նախատեսված խորացված առարկաների ուսուցման մասին։
«Մասնագիտական ճիշտ կողմնորոշումն ու ընտրությունը վճռորոշ են։ Մենք ցանկանում ենք ստեղծել այնպիսի պայմաններ և միջավայր, որ աշակերտները հենց դպրոցում լիարժեք պատրաստվեն բուհական ընդունելությանը»,- ասել է Արաքսիա Սվաջյանն ու հաջողություն մաղթել աշակերտներին:
Վիլյամ Սարոյանի անվան թիվ 11 հիմնական դպրոցում ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանին ներկայացվել է դպրոցական սննդի կազմակերպման գործընթացը. նա ծանոթացել է տեխնիկապես հագեցած խոհանոցին և զրուցել երեխաների հետ։ Հրազդանի Վիլյամ Սարոյանի անվան թիվ 11 հիմնական դպրոցում «Դպրոցական սնունդ» ծրագրի շրջանակում տարրական դասարանների ավելի քան 600 աշակերտ տաք սնունդ է ստանում։ Ընդհանուր առմամբ՝ դպրոցն ունի շուրջ 1500 աշակերտ, ուսումնական գործընթացը կազմակերպվում է երեք հերթափոխով։ Արաքսիա Սվաջյանը հետաքրքրվել է նաև առկա խնդիրներով ու մարտահրավերներով։ Նշվել է նաև, որ հանրակրթության պետական չափորոշչի ներդրման շրջանակում ստեղծված նոր դասագրքերի բաշխումն ավարտված է։
ԿԳՄՍ նախարարի տեղակալի՝ ուսումնական հաստատություններ այցերը լինելու են շարունակական: