ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության Գրքի երևանյան միջազգային ութերորդ փառատոնն ամփոփվել է Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում տեղի ունեցած մրցանակաբաշխությամբ:
Հայտարարվել են «Սարոյան» միջազգային մրցանակի և ազգային գրական մրցույթի հաղթողների անունները։ Գրական մրցույթի «Դրամատուրգիա» անվանակարգում հաղթող է ճանաչվել Անի Առաքելյանը, «Պոեզիա» անվանակարգում՝ Մհեր Արշակյանը, «Մանկապատանեկան գրականություն» անվանակարգում՝ Կարինե Հայրապետյանը, «Արձակ» անվանակարգում՝ Սոնա Գևորգյանը։
Առաջին անգամ Գրքի երևանյան միջազգային փառատոնի և Սարոյան հիմնադրամի բացառիկ համագործակցության շրջանակում սահմանվել է Սարոյանի անվան կարճ պատմվածքի մրցանակ, որի նպատակն անգլերեն գրված կամ անգլերեն թարգմանված կարճ արձակի գնահատումն է։ Մրցույթին մասնակցելու համար դիմել էր 108 գրող 25 երկրից՝ Մալթա, Ռուսաստան, Վրաստան, ԱՄՆ, Միացյալ Թագավորություն, Իսրայել, Նիգերիա, Գերմանիա և այլն։ Սարոյանի անվան կարճ արձակ մրցանակին արժանացել է Լուսինե Խառատյանը։ Մրցանակը հանձնել է «Սարոյան» հիմնադրամի նախագահ Սքոթ Սեդրակյանը։ Անվանակարգի հաղթողը նվեր է ստացել Սարոյանի բնօրինակ նկարներից մեկը։
Փառատոնի երեք օրերի ընթացքում տեղի են ունեցել գրքի շնորհանդեսներ, պոեզիայի ընթերցումներ, գրական հանդիպումներ, մասնագիտական քննարկումներ, վարպետության դասեր, գրական մրցանակաբաշխություն: Գրքի երևանյան միջազգային փառատոնին մասնակցել են անվանի գրողներ, գրաքննադատներ և հրատարակիչներ Հայաստանից, Միացյալ Թագավորությունից, Իտալիայից, Լատվիայից, Վրաստանից, Ռուսաստանից, Չեխիայից, Հունաստանից, Նիդերլանդներից, Իրանից, Միացյալ Նահանգներից։
Հանրապետության հրապարակում անցկացված գրքի տոնավաճառին մասնակցել են 50-ից ավելի հրատարակչություններ, գրավաճառներ, թանգարաններ, գրադարաններ, կրթամշակութային հաստատություններ։
Գրքի երևանյան միջազգային փառատոնն այս տարի ընդլայնում է աշխարհագրությունը՝ սեպտեմբերի 28-ին այն կանցկացվի Գյումրիում, հոկտեմբերի 4–ին՝ Կապանում։
Գրքի երևանյան միջազգային փառատոնը Հայաստանում գրականության և գրահրատարակչության ոլորտի ամենամեծ գրական իրադարձությունն է: Այն իրականացվում է 2017 թվականից: Փառատոնի հիմնադիրը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն է: Գլխավոր հովանավորը Երևանի քաղաքապետարանն է: Փառատոնն իրականացնում են Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանը և «Գրքի փառատոն» կրթամշակութային հասարակական կազմակերպությունը՝ Ստեղծագործ Եվրոպայի «Վերսոպոլիս» նախագծի աջակցությամբ։