ՀՀ կառավարության ներկայացրած «Մշակութային աճուրդների կազմակերպման մասին» օրենքի և կից օրենքներում լրացումներ նախատեսող օրենսդրական փաթեթը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու մասին հարցը քննարկվել է ԱԺ լիագումար նիստում:
Հիմնական զեկուցող ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի ներկայացմամբ՝ նախագիծը լրամշակվել է՝ նպատակ ունենալով կանոնարկել արվեստի շուկայում տնտեսական հարաբերությունները, խթանել արվեստի, աճուրդային տների և արվետագետների միջև համագործակցության էկոհամակարգի ձևավորումը: Այն կարևոր նշանակություն կունենա ընդհանուր արվեստի դաշտի դինամիկ զարգացման և արվեստի նոր միտումների ձևավորման գործում: Օրենքի հիմնական խնդիրն է խթանել ստեղծարար ոլորտում ներդրումային հոսքերը:
Նախագիծն արդեն իսկ քննարկվել է ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստում՝ ստանալով դրական եզրակացություն: Ըստ նախարարի՝ քննարկումների ընթացքում լրամշակվել և հստակեցվել են մի շարք հասկացություններ. «Մասնավորապես՝ հստակեցվել են «մշակութային աճուրդի կազմակերպիչ» և «մշակութային աճուրդի տուն» հասկացությունները, սահմանվել են լիցենզավորման չափաքանակները՝ ըստ գործունեության տեսակի և այլն: Այս նախագիծն ավելի մոտ է Կառավարության՝ մշակույթի տնտեսականացման ընդհանուր քաղաքականության կարգավորմանը»:
Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ աշխարհում գործող մշակութային աճուրդների տները էապես նպաստում են ընդհանուր առմամբ թափանցիկ շուկաների ձևավորմանը: Նախարարը նաև տեղեկացրել է, որ զուգահեռաբար ընթանում են բանակցություններ եվրոպական հեղինակավոր աճուրդային տների հետ. ուսումնասիրվում է դրանց փորձը, քննարկվում են գործունեության կազմակերպման մանրամասները: Առաջիկայում նախատեսվում են անհրաժեշտ վերապատրաստումների և փորձի փոխանակման գործընթացներ Ֆրանսիայի և Անգլիայի հեղինակավոր աճուրդային տների հետ: