ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն Իրանի Իսլամական Հանրապետություն այցը եզրափակել է ԻԻՀ կրթության և դաստիարակության նախարար Ալիռեզա Քազեմիի հետ հանդիպմամբ:

Հանդիպմանը մասնակցել են նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, ԻԻՀ-ում ՀՀ դեսպան Գրիգոր Հակոբյանը, ՀՀ պատվիրակության մյուս անդամները:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության և հագեցած օրակարգի ապահովման համար՝ Ժաննա Անդրեասյանը կարևորել է երկու երկրների միջև բարեկամական սերտ համագործակցությունը: ԿԳՄՍ նախարարը վստահություն է հայտնել, որ ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանի և նրա գլխավորած պատվիրակության՝ ավելի վաղ Հայաստան կատարած այցը երկու բարեկամ պետությունների կապերի ամրապնդման ու փոխհամագործակցության զարգացման խթան է հանդիսացել: Ժաննա Անդրեասյանն ընդգծել է՝ Հայաստան-Իրան ռազմավարական գործընկերության շրջանակում կրթության ոլորտի փոխգործակցությունն առանցքային նշանակություն ունի:

Հանդիպման ընթացքում քննարկվել են, մասնավորապես, տարածաշրջանային լեզուների ուսուցման շրջանակում ՀՀ հանրակրթական դպրոցներում պարսկերենի ուսուցման զարգացմանը վերաբերող հարցեր: Ժաննա Անդրեասյանն առաջարկել է դիտարկել նաև Իրանի հանրակրթական դպրոցներում հայերենի ուսուցման հնարավորությունը՝ պատրաստակամություն հայտնելով աջակցել ինչպես ուսումնական նյութերի տրամադրման, այնպես էլ ուսուցիչների վերապատրաստման հարցում: Այս համատեքստում կարևորվել է իրանահայ համայնքի կարևոր դերակատարումը:

ԻԻՀ կրթության և դաստիարակության նախարար Ալիռեզա Քազեմին, ողջունելով ԿԳՄՍ նախարարի գլխավորած պատվիրակության այցը, կարևորել է Հայաստանի հետ համագործակցությունն ու շնորհակալություն հայտնել պարսկերենի ուսուցման շուրջ գործադրվող ջանքերի համար:

Ալիռեզա Քազեմին փոխանցել է իրանական կողմի հետաքրքրվածությունը Հայաստանի հանրակրթական դպրոցներում «Շախմատ» առարկայի դասավանդման ուղղությամբ՝ այն դիտարկելով որպես նորարարական մոդել կրթության ոլորտում։

Հանդիպման ընթացքում Ժաննա Անդրեասյանը ներկայացրել է տեխնոլոգիական կրթության հայաստանյան փորձը, ինչպես նաև դպրոցականների շրջանում ֆիզիկական կրթության և առողջ ապրելակերպի խրախուսման ուղղությամբ կազմակերպվող մրցաշարերը:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև միջին մասնագիտական և արհեստագործական կրթության ուղղությամբ համագործակցության հեռանկարներին:

Կողմերը քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր: