Իրանի Իսլամական Հանրապետություն կատարած պաշտոնական այցի շրջանակում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Թեհրանի համալսարանի ռեկտոր Մոհամմադ Հոսեյն Օմիդի հետ։

Հանդիպմանը մասնակցել են նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, Երևանի պետական համալսարանի ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, Բրյուսովի պետական համալսարանի ռեկտոր Դավիթ Գյուրջինյանը, ԻԻՀ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Գրիգոր Հակոբյանը, ինչպես նաև պատվիրակության այլ անդամներ։

Շնորհակալություն հայտնելով ընդունելության և արդյունավետ երկխոսության համար՝ նախարար Ժաննա Անդրեասյանը կարևորել է Հայաստանի և Իրանի միջև բարեկամական սերտ հարաբերությունների ու համագործակցության շարունակական խորացումը։ Նա ընդգծել է հատկապես բարձրագույն կրթության և գիտության ոլորտում Իրանի հետ համագործակցության մեծ ներուժը: ԿԳՄՍ նախարարը վստահություն է հայտնել, որ կրթության և գիտության ոլորտում համագործակցության խորացումը նոր հեռանկարներ կբացի ինչպես ուսանողների ու դասախոսների, այնպես էլ երկու երկրների հասարակությունների համար։ Նրա խոսքով՝ հատկապես գիտական հետազոտությունների և ուսումնական ծրագրերի համատեղ իրականացումը կարող է դառնալ երկկողմ հարաբերությունների զարգացման հիմնասյուներից մեկը։

Ռեկտոր Մոհամմադ Հոսեյն Օմիդը, ողջունելով ԿԳՄՍ նախարարի այցը, ընդգծել է, որ Հայաստանի բուհերի հետ գործընկերության զարգացումը Թեհրանի համալսարանի համար կարևոր նշանակություն ունի:

Զրույցի ընթացքում, մասնավորապես, քննարկվել են Հայաստանի առաջատար բուհերի և Թեհրանի համալսարանի միջև փոխադարձ այցերի, գիտաժողովների ու համատեղ ծրագրերի զարգացման հեռանկարները։ Կողմերը կարևորել են նաև լեզվաբանական և մշակութային կրթական ծրագրերը, մասնավորապես՝ Թեհրանի համալսարանում հայերենի ուսումնառության հնարավորությունների ընդլայնումը, ինչպես նաև ԵՊՀ-ում, ԲՊՀ-ում և ՀՊՄՀ-ում իրանագիտության ու պարսկերենի ուսուցման զարգացումը։

Կողմերը կարևորել են նաև Հայաստանի և Իրանի բուհերի դիպլոմների փոխճանաչման ապահովումը, կառուցողական երկխոսության և համագործակցության խթանումը բարձրագույն կրթության և գիտության ոլորտներում։