Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակության կազմում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը Ճապոնիայի Օսակա քաղաքում այցելել է Expo 2025 համաշխարհային ցուցահանդես, որի շրջանակում տեղի է ունեցել Հայաստանի ազգային օրվան նվիրված միջոցառումը:

Պատվիրակությունը ցուցահանդեսի կազմակերպիչների ուղեկցությամբ նախ շրջայց է կատարել ցուցահանդեսի տաղավարներում, հաջորդիվ տեղի է ունեցել ճապոնական թեյի ավանդական հյուրասիրություն:

Ցուցահանդեսում բացված «Այսօրվա և վաղվա սյուները» խորագրով հայկական տաղավարում ներկայացվել են Հայաստանի առաջատար նորարարական ծրագրերը, մշակութային ժառանգությունը, ներդրումային հնարավորությունները, առաջադեմ կրթական նախաձեռնությունները: Պատասխանատուները նշել են, որ հայկական տաղավար այցելուների թիվը ցուցահանդեսի մեկնարկից ի վեր գերազանցել է մեկ միլիոնը:

Այնուհետև կայացել է Հայաստանի ազգային օրվան նվիրված միջոցառման բացման հանդիսավոր արարողությունը։

EXPO 2025 համաշխարհային ցուցահանդեսի շրջանակում հայկական տաղավարը գործելու է մինչև հոկտեմբերի 13-ը: