ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն այցելել է մի շարք կրթական հաստատություններ, ծանոթացել նոր ուսումնական տարում դասերի կազմակերպման ընթացքին, դասագրքերի բաշխման հետ կապված իրավիճակին:

Առաջին կանգառը Երևանի «Արգենտինյան Հանրապետություն» թիվ 76 հիմնական դպրոցում էր։ Դպրոցի տնօրեն Նարինե Ադամյանի ուղեկցությամբ Արաքսիա Սվաջյանը շրջել է դասասենյակներով, զրուցել սովորողների հետ և հետաքրքրվել նրանց առաջին տպավորություններով, ինչպես նաև քննարկել առողջ և անվտանգ կրթության տարվա շրջանակում նախատեսված միջոցառումների և նախաձեռնությունների հետ կապված հարցեր։ Նախարարի տեղակալը նշել է, որ 2025-2026 ուսումնական տարին հայտարարվել է «Անվտանգ և ապահով կրթական միջավայրի տարի»՝ դպրոցներում բռնությունից զերծ, առողջ և պաշտպանված մթնոլորտ ապահովելու, աշակերտների և ուսուցիչների հոգեբանական և ֆիզիկական անվտանգության խնդիրների վրա հատուկ ուշադրություն դարձնելու նպատակով։ Այս համատեքստում նա կարևորել է դպրոցներում համագործակցային և ներառական միջավայրի ձևավորումը, որը կնպաստի երեխաների մոտ հաղորդակցման ու թիմային աշխատանքի հմտությունների զարգացմանը։

Հաջորդաբար Արաքսիա Սվաջյանն այցելել է Սիլվա Կապուտիկյանի անվան թիվ 145 հիմնական դպրոց, որտեղ ժամանակավորապես կազմակերպվում է նաև Երևանի Մուշեղ Գալշոյանի անվան թիվ 148 ավագ դպրոցի ուսումնական գործընթացը՝ վերջինում ընթացող վերակառուցման աշխատանքներով պայմանավորված։ Նախարարի տեղակալը շրջել է դասասենյակներով, զրուցել ուսուցիչների և աշակերտների հետ՝ համատեղ ուսումնական գործընթացի կազմակերպման, կրթական միջավայրի արդյունավետության և առկա խնդիրների շուրջ։ Նշվել է, որ 148 ավագ դպրոցում այս ուսումնական տարում ընդունվել է ավելի քան 170 սովորող։

Արաքսիա Սվաջյանն ավագ դպրոցի աշակերտների հետ խոսել է մասնագիտական խմբակների աշխատանքների, մասնագիտական կողմնորոշման հնարավորությունների, ինչպես նաև հանրակրթության պետական նոր չափորոշչով նախատեսված խորացված առարկաների ուսուցման մասին։ Նրա խոսքով՝ նոր մոտեցումները կնպաստեն, որպեսզի համալսարաններ ընդունվելու համար սովորողներն առավելապես օգտվեն դպրոցում ստացած գիտելիքներից՝ նվազեցնելով կրկնուսույցների անհրաժեշտությունը։ Նշվել է նաև, որ չափորոշչի ներդրման շրջանակում ստեղծված նոր դասագրքերի բաշխումը հիմնականում ավարտված է։

Այցի վերջին կանգառը Երևանի թիվ 1 տարածաշրջանային պետական քոլեջն էր։ Հաստատության տնօրեն Պարույր Սանթրոսյանի ուղեկցությամբ նախարարի տեղակալը շրջել է լսարաններով, ծանոթացել խոհարարություն, ռեժիսուրա, լուսանկարչություն, դերասանական արվեստ և պարարվեստ մասնագիտություններով սովորողների ուսումնառության պայմաններին, հետևել նրանց գործնական աշխատանքներին։

Նշվել է, որ 2025-2026 ուսումնական տարում քոլեջ է ընդունվել շուրջ 170 ուսանող․ քոլեջում կրթություն է կազմակերպվում տարբեր մասնագիտություններով, որոնցից 3-ն արվեստի ուղղությամբ՝ ռեժիսուրա, դերասանական արվեստ և պարի ուսուցում։ Այստեղ նաև կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող ուսանողներ են սովորում։

Նախարարի տեղակալը հատուկ շեշտել է, որ «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» նոր օրենքով առանձնահատուկ տեղ է տրված աշխատանքի վրա հիմնված կրթությանը։ Այս մոդելը հնարավորություն է տալիս ուսանողներին համատեղելու տեսական ուսուցումն ու գործնական փորձը, որը կարևոր է աշխատաշուկայի պահանջներին առավելագույնս համապատասխան հմտություններ ստանալու տեսանկյունից։ Նախարարի տեղակալի ընդգծմամբ՝ գործատուների հետ համագործակցության խորացումը կարևոր է, քանի որ այն ապահովում է ուսանողների արագ ինտեգրումը մասնագիտական ոլորտ, իսկ շրջանավարտները դառնում են մրցունակ՝ պատրաստ լինելով ներգրավվելու աշխատաշուկայում։