ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանն ընդունել է «Սևրուկյան» հիմնադրամի հոգաբարձու Էրնեստ-Լյուդվիգ Դրայսին և հիմնադրամի գլխավոր տնօրեն Լիլիթ Սարգսյանին:
Հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍՆ մշակութային ժառանգության վարչության պետ Աստղիկ Մարաբյանը և Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանը:
Սեպտեմբերի 4-ին Հայաստանի պատմության թանգարանում բացվել է «Էմանուել Սևրուգյան 95․ Սևրուգյաններ․ ժառանգություն և նվիրում» խորագիրը կրող ցուցահանդեսը, որը կազմակերպվել է «Սևրուկյան» հիմնադրամի հետ ակտիվ համագործակցությամբ։ Մասնավորապես՝ հիմնադրամը Հայաստանի պատմության թանգարանին է նվիրաբերվել Անդրե Սևրուգյանի (Դարվիշ) հայ-իրանական մոտիվներով կատարած տասնյակ գեղարվեստական ստեղծագործություններ և Էմանուել Սևրուգյանի՝ շուրջ 2000 հին դրամների հավաքածուն, որոնցից մի ընտրանի ներկայացված է նշված ցուցահանդեսում։
ԿԳՄՍ նախարարի տեղակալը շնորհակալություն է հայտնել «Սևրուկյան» հիմնադրամին համակարգված և հետևողական աշխատանքի, ինչպես նաև մշակութային ժառանգության պահպանմանն ու հարստացմանն ուղղված աջակցության համար։
«Մեզ համար շատ կարևոր է թանգարանային հավաքածուների շարունակական համալրումը, և այդ գործում հատկապես արժևորում ենք այն անձանց ու կազմակերպություններին, որոնք իրենց ներդրումն են ունենում աշխարհի տարբեր կողմերից արժեքավոր նմուշների և հավաքածուների նվիրաբերման հարցում: Արտերկրում պահվող մշակութային արժեքների և հավաքածուների՝ մեր երկրին փոխանցումը ոչ միայն հայրենանվեր քայլ է, այլև վստահության ցուցիչ՝ Հայաստանի Հանրապետության՝ որպես մշակութային արժեքների անվտանգ պահպանման երաշխավորի նկատմամբ»,- ասել է Ալֆրեդ Քոչարյանը։
Հյուրերը ևս շնորհակալություն են հայտնել ընդունելության համար՝ ընդգծելով մեծարժեք մշակութային ժառանգության պահպանության գործում համատեղ ջանքերի և միասնական աշխատանքի կարևորությունը:
Նշենք, որ Էմանուել Սևրուգյանի՝ 1978-2020 թթ․ ընթացքում ձեռք բերած դրամագիտական հավաքածուն ընդգրկում է հազարավոր հին դրամներ՝ սկսած հին հունահռոմեական ժամանակաշրջանից մինչև նորագույն ժամանակներ։ Հավաքածուի մեջ առանձնանում են հին հունական, փոքրասիական և արևմտաեվրոպական միջնադարյան դրամների եզակի նմուշներ, որոնք նորություն են Հայաստանի պատմության թանգարանի հավաքածուի համար։