Ե. Չարենցի անվան Գրականության և արվեստի թանգարանում «Սարոյանական գույներ բառերից անդին» ժամանակավոր ցուցադրության բացմամբ տրվել է սարոյանական օրերի մեկնարկը:

Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, ՀՀ-ում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինը, ԱՄՆ-ում «Վիլյամ Սարոյան» հիմնադրամի տնօրեն Սքոթ Սեդրակյանը, պաշտոնատար այլ անձինք:

«Վիլյամ Սարոյան» հիմնադրամի հետ համագործակցությամբ իրականացվող «Սարոյանական գույներ բառերից անդին» միջազգային ցուցադրությամբ ներկայացվում են Սարոյանի 100-ից ավելի նկարչական աշխատանքները, ինչպես նաև գրողի հեծանիվը, որը նա հայրենիքի ճանապարհներն անցնելուց հետո նվիրել է Գրականության և արվեստի թանգարանին։

Ցուցադրության բացման կապակցությամբ ներկաներին ողջույնի խոսք է ասել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը․ «Վիլյամ Սարոյանը համամարդկային արժեքների և մշակութային երկխոսության խորհրդանիշ է։ Նրա ստեղծագործական ժառանգությունը միավորում է հայ և ամերիկյան մշակութային աշխարհները՝ ընդգծելով բարեկամության, փոխադարձ հարգանքի և համընդհանուր մարդասիրական արժեքների կարևորությունը։ Այս ցուցադրությունը հնարավորություն է ընձեռում նորովի արժևորել Սարոյանի ժառանգությունը՝ այն ներկայացնելով ոչ միայն գրականության, այլև արվեստի բազմաբնույթ արտահայտչաձևերի միջոցով»։

Նախարարի տեղակալի խոսքով՝ Հայաստանը բարձր է գնահատում մշակույթի ոլորտում հայ-ամերիկյան համագործակցությունը, որը նպաստում է ժողովուրդների մերձեցմանը, ստեղծագործական փոխանակումների և միջմշակութային երկխոսության զարգացմանը։ «Սարոյանական գույներ․ բառերից անդին» ցուցադրությունը կդառնա հայ-ամերիկյան մշակութային համագործակցության ևս մեկ նշանակալի ձեռքբերում և կնպաստի մեր հասարակությունների միջև կապերի խորացմանը»,- ասել է նա՝ ընդգծելով ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության հետևողական աջակցությունը, որի շնորհիվ նման նախաձեռնությունները դառնում են իրականություն։

Նախարարի տեղակալը շնորհակալություն է հայտնել նաև ԳԱԹ աշխատակազմին կատարած աշխատանքի համար:

ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինը ևս հանդես է եկել ողջույնի խոսքով՝ շնորհակալություն հայտնելով գործընկերներին հաջող համագործակցության համար: «Սարոյանական օրերի անցկացմամբ ցանկանում ենք ներկայացնել Սարոյանի ստեղծարար միտքը ողջ հարստությամբ՝ ոչ միայն նրա գրական ժառանգությունը, այլև հեղինակած նկարները, որոնք շատ ուշագրավ աշխատանքներ են: Դրանցում արտացոլված են Սարոյանը սերն ու բերկրանքը կյանքի նկատմամբ»,- ասել է դեսպանը։

Ցուցադրությունը կգործի մինչև 2026 թվականի հունվարի 30-ը․ մուտքը՝ ցուցադրության տոմսով։

Նշենք, որ սեպտեմբերի 5-ից ԳԱԹ-ն իր դռները նորովի կբացի հանրության առաջ՝ նոր ցուցասրահով և նոր ձևաչափով։