Սերգեյ Փարաջանովի ծննդյան 100-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների շրջանակում ստեղծված «Ես վրեժխնդիր կլինեմ սիրո միջոցով - Ս. Փարաջանով» ֆիլմն առաջին անգամ փառատոնային ձևաչափով կցուցադրվի նաև ԱՄՆ–ում։

Հայ-ֆրանսիական համատեղ արտադրությամբ նկարահանված «Բումերանգ Մեդիա.ամ» ընկերության ֆիլմի ամերիկյան պրեմիերան տեղի կունենա սեպտեմբերի 14-ին Նյու Ջերսիի միջազգային կինոփառատոնի ընթացքում, որից հետո՝ սեպտեմբերի 20–ին, կցուցադրվի Սիեթլի կինոփառատոնում՝ հատուկ ծրագրով։ Ֆիլմի համաշխարհային պրեմիերան տեղի է ունեցել Վենետիկի 81-րդ կինոփառատոնի շրջանակում, այնուհետև ցուցադրվել է Բելգիայի Գենտի, Արգենտինայի Մար դել Պլատայի և այլ հեղինակավոր կինոփառատոներում։

«Ես վրեժխնդիր կլինեմ սիրո միջոցով-Ս. Փարաջանով» վավերագրական ֆիլմը ստեղծվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Հայաստանի կինոյի հիմնադրամի (իրավանախորդ՝ Հայաստանի ազգային կինոկենտրոն), Ֆրանսիայի Հանրապետության կինեմատոգրաֆիայի և շարժվող պատկերի ազգային կենտրոնի (CNC) և Ֆրանսիական Cine+ կազմակերպության աջակցությամբ:

Ֆիլմի պրոդյուսերներն են Անի Որսկանյանը («ԱՎԱ Ֆիլմս»), Զառա Ջյանը («Բումերանգ Մեդիաամ»)։ Ֆիլմի ֆրանսիական կողմի համապրոդյուսերն է Ստեֆան Ժյուրդենը:

Վեց ամսվա համատեղ աշխատանքի արդյունքում փառատոնի կազմակերպիչները և «Բումերանգ Մեդիա. ամ» ընկերության տնօրեն Զառա Ջյանը պատրաստել են «ԿԻՆՈ ՀԱՅԱՍՏԱՆ. անցյալի և ներկայի եռյակ» (“Kino Armenia: Triad of Phast and Present”) խորագիրը կրող բացառիկ ծրագիրը /https://tinyurl.com/3az5wct8/, որում ընդգրկվել են երեք հայազգի ռեժիսորների ստեղծագործություններ՝ հանճարեղ կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի «Նռան գույնը», կանադահայ կինոռեժիսոր Ատոմ Էգոյանի «Օրացույցը» և Զառա Ջյանի «Ես վրեժխնդիր կլինեմ սիրո միջոցով» վավերագրական ֆիլմը։

Ծրագիրը մշակութային յուրօրինակ կամուրջ է անցյալին ու ներկայի միջև՝ ընդգծելով հայկական կինոյի բազմաշերտ բնույթն ու գեղարվեստական արժեքը։

Ֆիլմերի ցուցադրություններից բացի՝ Սիեթլի ծրագրի շրջանակում նախատեսված են այլ միջոցառումներ ևս, այդ թվում՝ համերգ հայ երաժիշտների մասնակցությամբ, ցուցահանդես՝ նվիրված հայկական արվեստին, ինչպես նաև Սերգեյ Փարաջանովի ստեղծագործական մոտիվները ներկայացնող թեմատիկ անկյուն։