ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը խոր վշտով տեղեկացնում է, որ 62 տարեկան հասակում կյանքից հեռացել է բեմադրող կինոօպերատոր, Հայաստանի կինոգործիչների միության և կինոօպերատորների գիլդիայի անդամ Արտավազդ Խաչատուրյանը։

Արտավազդ Խաչատուրյանը ծնվել է 1963 թվականին: Մասնագիտական ուղին սկսել է Երևանում՝ հետաքրքրվելով լուսանկարչությամբ։ Նրա առաջին աշխատանքները՝ որպես ֆոտոռեպորտաժներ, լույս են տեսել մի շարք թերթերում և ամսագրերում: Թողնելով ժուռնալիստիկայի ոլորտը՝ Արտավազդ Խաչատուրյանը կրթությունը շարունակել է Մոսկվայում: 1981 թվականից աշխատել է «Հայֆիլմ» կինոստուդիայում։

Արտավազդ Խաչատուրյանի յուրօրինակ ձեռագիրը, կինոարվեստի խոր ճանաչողությունն ու մարդկային բացառիկ նկարագիրն անջնջելի հետք են թողել հայկական կինոյի պատմության մեջ։ Մեծ է նրա վաստակը հատկապես վավերագրության և խաղարկային ֆիլմերի ստեղծման բնագավառումԱրտավազդ Խաչատուրյանի ֆիլմերն աչքի են ընկնում պատկերների արտացոլման դինամիկ բնույթով և բարձր գեղարվեստական արժեքով։

Նրա ուշագրավ և առավել հայտնի օպերատորական աշխատանքներից են «Ապակե կախազարդը», «Տանիքը», «Լուսյի կաթիլներ» ֆիլմերը։

Կինոսեր հանրության և նրա գործընկերների հիշողության մեջ Արտավազդ Խաչատուրյանը կմնա որպես հրաշալի օպերատոր և անփոխարինելի գործընկեր:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն իր վշտակցությունն է հայտնում Արտավազդ Խաչատուրյանի ընտանիքին, հարազատներին, գործընկերներին և արվեստասեր հանրությանը։